Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրներն են`
ա) հատկացումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
բ) ապահովագրական հատուցումները.
գ) մարդկանց անմիջական վճարումները.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեով նախատեսված հատկացումներով իրականացնում է առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման երաշխավորված ֆինանսավորում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին` անկախ դրանց կազմակերպական-իրավական տեսակից և սեփականության ձևից:
Բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն ապահովագրական հատուցումներով իրականացվում է կնքված ապահովագրական պայմանագրերի համաձայն:
Մարդկանց կողմից անմիջական վճարումներ կատարվում են, եթե մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների և ծավալների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասամբ չի իրականացվում վերոնշյալ առաջին մասի «ա», «բ» և «դ» կետերում նշված աղբյուրներից:
Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների, դեղերի և (կամ) բժշկական պարագաների փոխհատուցման կարգը հաստատում է կառավարությունը: