Ներողություն եմ խնդրում այս օրերին տեղի ունեցած ցանկացած միջադեպի համար․ Իշխան Սաղաթելյան

Դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում և անձամբ ներողություն խնդրում այս օրերին տեղի ունեցած ցանկացած միջադեպի համար, որն անգամ փոքր անհարմարություն է պատճառել մեր հայրենակիցներից որևէ մեկին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Գյուրմրիի դեպքերի առիթով միայն հարկ եմ համարում արձանագրել, որ միջադեպն արձանագրվել է իշխանության կազմակերպած սադրանքի և ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության արդյունքում։ Ի դեպ, չնայած այսօր վաղ առավոտյան Ոստիկանության կազմակերպած դիմակավորված շոուին, միջադեպի մասնակից երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանական բաժանմունքներ, որովետև նրանք հայի արժանապատիվ տեսակն են։

Սիրելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունը կեղծել է պատերազմը, թաքուն է պահել զոհերին, չի վերադարձնում գերիներին, հանձնում է հայրենիքը, սադրանքն ինչ է, որ այս մարդիկ չանեն։ Մենք գիտենք՝ ում դեմ ենք պայքարում, այս ամենը սպասելի և կանխատեսելի է։

Սակայն, օգտվելով առիթից, կոչ եմ անում մեր երթերի և հավաքների բոլոր մասնակիցներին՝ դրսևորել զսպվածություն ու մեծահոգություն։ Մեր շարժման ամենասկզբում մենք պայմանավորվել ենք, որ սա իրական համերաշխություն բերող շարժում է, և որ այս պայքարը մեր բոլոր հայրենակիցների համար է։

Պայքարը շարունակվում է և այն անկասելի է»,-գրել է նա։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից երեքի ինքնությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երեքի ինքնությունը. նրանցից մեկը Արագածոտնի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչ Գոռ Սարգսյանն է, մյուսը՝ Երևան քաղաքի 1999թ. ծնված բնակիչ Տարոն Մանուկյանը, իսկ երրորդը՝ Արարատի մարզի բնակիչ, 1990թ. ծնված Արսեն Մարտոյանն է:

Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը ձերբակալվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի կարգով, իսկ Արսեն Մարտոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում է կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել