Ժնևում միջազգային մեր գործընկերներին հիշեցրել եմ, որ 21-րդ դարում Ադրբեջանում դեռ կան հայ գերիներ, ընդ որում՝ անմխիթար պայմաններում. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Ժնևում տեղի ունեցած «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովում» խորագրով քննարկումների մի մասը վարում էի ես, որի շրջանակներում ներկայացրել եմ զեկույց «Զինված ուժերի անձնակազմում մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները. Վարքագծի կանոնների դերը» թեմայով:

Մեր միջազգային գործընկերներին եմ ներկայացրել իմ նախաձեռնած՝ զինծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացմանն միտված տարբեր օրենսդրական նախագծեր, որոնք, ցավոք, ՀՀ ԱԺ-ում իշխանական մեծամասնության կողմից մերժվել էին: Մասնավորապես՝ նրանց ուշադրությունն եմ հրավիրել այն օրենսդրական փոփոխությունների վրա, որոնցով առաջարկվում էր ՝ 1.զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը իրականացնել առաջնահերթ և անվճար 2. վարձով բնակվող զինծառայողների խնդիրներն էին կարգավորվում:

Խոսել եմ Զինված ուժերում սպայական անձնակազմի առաջխաղացման հետ կապված խնդրահարույց հարցերի մասին, օրինակ՝ երբ սպաները 10-15 տարի աշխատում են նույն պաշոնում, որևէ բարձրացում տեղի չի ունենում, իսկ նրանք չեն բողոքում միայն այն բանի համար, որ աշխատանքը չկորցնեն:

Մտահոգություն եմ հայտնել ՀՀ Զինված ուժերում առկա բռնության դեպքերի համար՝ վկայակոչելով փետրվար ամսին Կապանի զորամասերից մեկում մի քանի օրվա զինծառայողի զորամասից փախչելու դեպքը: Այս համատեքստում կարևորել եմ զինվորական բարեկրթությունը, քանի որ միայն միմյանց պատիվն ու արժանապատվությունը հարգելու, իրավունքի գերակայության երաշխավորման միջոցով է հնարավոր ապահովել բարձր մակարդակի կարգապահություն և զերծ մնալ արատավոր երևույթներից, իսկ բարձր մակարդակի կարգապահության պահպանման համար անհրաժեշտ են ծառայողական բավարար պայմաններ:

Ժնևում միջազգային մեր գործընկերներին հիշեցրել եմ, որ 21-րդ դարում Ադրբեջանում դեռ կան հայ գերիներ, ընդ որում՝ անմխիթար պայմաններում:

Շեշտել եմ, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքը և հրաժարվում կատարել մեր ռազմագերիներին վերադարձնելու՝ միջազգային հանրության առջև իր ստանձնած հանձնառությունները։ Ավելին, Ժնևյան կոնվենցիաներով հստակ սահմանված են ռազմագերիների հետ վարվելակերպի կանոնները, նրանց նկատմամբ բռնության, խոշտանգման, այլ դաժան և անմարդկային վերաբերմունքի և պատժի անթույլատրելիությունը, սակայն, օրինակ, սույն թվականի փետրվարի 7-ին Բաքվի գերությունից վերադարձած շարքային զինծառայող Արթուր Բաբայանի ծնողները ահազանգել էին, որ տղան Ադրբեջանում ֆիզիկական և հոգեբանական անմարդկային վերաբերմունքի, բռնությունների է ենթարկվել և վերականգնման անհրաժեշտություն ունի:

Խոսել եմ նաև Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի մահվան հանգամանքներից 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում:

Միջազգային գործընկերներիս կոչ եմ արել ուշադրության կենտրոնում պահել վերոնշյալ խնդիրները, աջակցել դրանց լուծման ճանապարհին, ինչպես նաև դատապարտել Ադրբեջանի իրավախախտ գործողությունները»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել