«Չարաշահումների, յուրացումների, հափշտակումների մասին խոսելը տեղին չէ». Արմեն Աշոտյան

Կրթության և գիտության նախարարությունն «ամենաստուգված» նախարարություն է եղել. 4 լայնածավալ ծրագիր է ստուգվել Վերահսկիչ պալատի կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարարա Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով` Վերահսկիչ պալատի կողմից անցկացված ստուգումների արդյունքների մի զգալի մասն իրենք ընդունել են և օգտակար են համարել այն դիտողությունները, որոնք ստացել են Վերահսկիչ պալատի մասնագետների կողմից: Մյուս մասի վերաբերյալ իրենք արդեն կարծիք հայտնել են`չհամաձայնելով արդյունքների հետ:

«Բոլոր դեպքերում խոսել Կրթության և գիտության նախարարության պատասխանատվության ոլորտներում չարաշահումների, յուրացումների, հափշտակումների մասին, տեղին չէ» ,- ասաց Արմեն Աշոտյանը:

Վերջինիս փոխանցմամբ` դպրոցներում ինտերնետի սարքավորումներն իրենք ստացել են ուշացումով և հնարավորություն չեն ունեցել այն տեղադրել 2011 թ-ին: Հիմա դրանք արդեն տեղադրված են:

Արմեն Աշոտյանը նշեց, որ ավելի քան 400 դպրոցներ ուշացումով են միացել ինտերնետ ցանցին, ինչի արդյունքում 30 մլն դրամից ավելի խնայողություն է առաջացել: Նրանք որոշել են այդ միջոցների հաշվին քոլեջներին և ուսումնարաններին ապահովել ինտերնետով:

«Սակայն Վերահսկիչ պալատի ուսումնասիրություների արդյունքում մեր գործընկերները պնդել են, որ այդ միջոցները պետք է վերականգնվեն պետական բյուջե և այդ միջոցները վերականգնվել են պետական բյուջե»,- նշեց նախարարը:

Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ստուգվել են 4 քոլեջներ, որոնց արդյուքնում հայտնաբերվել են որոշակի հավելագրումներ և անորակ աշխատանքներ: 4 կազմակերպություններից 3-ը համաձայնել են Վերահսկիչ պալատի դիտարկումների հետ և այդ գումարները վերականգնվել են պետական բյուջե:

«Արտաշատի պետական քոլեջում անորակ աշխատանքներ են արձանագրվել 116 000 դրամի, իսկ ծավալային հավելագրումներ 605 000 դրամի: Ավելի մեծ ծավալի անորակ աշխատանքներ են կատարվել Թալինի արհեստագործական ուսումնարանում և Եղեգնաձորի պետական քոլեջում`1.5-2.8 միլիոն դրամ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ամենախոշոր ծրագիրը եղել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի ուսումնասիորւթյունը, որտեղ բախվել են մեթոդաբանական և ընթացակարգային խնդիրների:

իրավաբան․net

 

 

 

Սույն  հրապարակումը պատրաստվել է  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել