ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մարտի 30-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ կից նախագծերի փաթեթը, որով Վարչական դատարան կարող է դիմել նաեւ հարկային մարմինը` ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա բանկերում եւ այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն հարկման նպատակով ստանալու վերաբերյալ գործերով:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
Դրույթներից մեկով` Վարչական դատարանը դատական ակտն ուղարկում է հարկային մարմնին եւ այդ մասին ծանուցում է այն անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է դատական ակտը, բացառությամբ այն դեպքի, երբ հարկային մարմինը դիմումում նշել է անձանց չծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ` հայտնելով, որ դա կարող է խոչընդոտել օտարերկրյա իրավասու մարմնի կողմից իր գործառույթների հաջող իրականացմանը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:
Հարակից զեկուցող Արթուր Դավթյանը, կարեւորելով նախագծերի փաթեթի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: