Ի՞նչ է անում դատարանը, եթե վկան չի կարող մասնակցել դատական նիստին

Վկայի ցուցմունքները` որպես ապացույց, կարևոր նշանակություն ունեն կողմի վկայակոչած փաստերի ապացուցման համար: Պրակտիկայում երբեմն հնարավոր չի լինում ապահովել վկայի մասնակցությունը դատական նիստին: Այսպիսի դեպքերի համար է նախատեսված դատական հանձնարարությունների ինստիտուտը, որի օգնությամբ մեկ այլ դատարան կարող է գործը քննող դատարանի փոխարեն լսել անձի ցուցմունքները:

Վարչական դատավարության օրենսգրքի համաձայն` վկայից ցուցմունք վերցնելը կարող է կատարվել վկայի գտնվելու վայրում այլ դատարանի կողմից դատական հանձնարարության կարգով, եթե`
1) վկայի ցուցմունք վերցնելը տեղում կնպաստի ճշմարտության բացահայտմանը.
2) վկայի ներկայանալը դատաքննությանը, իր հաղորդելիք տեղեկատվության համատեքստում, նպատակահարմար չի համարվում մեծ հեռավորության պատճառով.
3) վկան հիվանդության, տկարության կամ այլ պատճառով ի վիճակի չէ կամ իրավունք չունի լքելու իր գտնվելու վայրը:

Դատական հանձնարարության մասին որոշման մեջ համառոտ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա փաստերը և վկայի տվյալները, որից ցուցմունքներ պետք է ստանա հանձնարարություն կատարող դատարանը:

Դատական հանձնարարության մասին որոշումը պարտադիր է հանձնարարությունն ստացած դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում:

Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` օրենսգրքով սահմանված կանոններով:

Դատական հանձնարարությունը կատարված լինելու մասին կայացվում է որոշում, որը վկայի ցուցմունքի հետ անհապաղ ուղարկվում է գործը քննող դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել