Սնանկության վերաբերյալ ունիվերսալ օրենսդրության մշակում՝ դատաիրավական ռազմավարության համաձայն

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության ռազմավարական նպատակներից մեկը վերաբերում է սնանկության ոլորտի բարեփոխումներին։

Ռազմավարության շրջանակներում նախատեսված է սնանկության վերաբերյալ ունիվերսալ օրենսդրության մշակում։

Երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել համակարգային, համապարփակ և ունիվերսալ օրենսդրություն (օրենսգրքի տեսքով) մշակելու ուղղությամբ՝ մեկ միասնական փաստաթղթով կարգավորելու համար սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային և նյութական ասպեկտները:

Բացի վերոնշյալ բարեփոխումը՝ նախատեսված է նաև սնանկության համակարգի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացում։

Սնանկության ոլորտում կատարված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք սնանկության գործընթացի մասին տեղեկանում են, երբ անձամբ ներգրավվում են սնանկության վարույթում.  մասնավորապես, հետազոտության շրջանակներում հարցված պարտապանների շուրջ 70 տոկոսը մինչև սնանկության վարույթում անձամբ ներգրավելը բացարձակ տեղեկացված չի եղել սնանկության գործընթացների վերաբերյալ: Նրանք նաև հակված են վարույթի մասին տեղեկություններ ձեռք բերել ոչ պաշտոնական աղբյուրներից և բանավոր կարգով, ինչը կարող է հանգեցնել շփոթությունների (շատ քչերն են օգտվում էլեկտրոնային ռեսուրսներից) և նրանց միայն 11.3%-ն է սեփական նախաձեռնությամբ ծանոթանում օրենսդրությանը: Գիտելիքի և տեղեկացվածության պակասը նվազեցնում է համակարգի թափանցիկությունը և հաշվետվողականությունը, քանի որ համակարգի մասնակիցները չեն կարողանում գնահատել իրենց գործողությունների համապատասխանությունը օրենսդրությանը կամ գնահատել դրանց արդյունավետությունը:

Այս առումով անհրաժեշտ է իրականացնել հանրային իրազեկումներ (գովազդային վահանակների, հեռուստատեսային գովազդների, հեռուստահաղորդումների, մամուլի միջոցով), ֆինանսական կազմակերպությունների կայքերից կատարել հղումներ սնանկության վարույթի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրներին (օրինակ՝ էլեկտրոնային սնանկության նոր հարթակին), հատկապես ֆինանսական կազմակերպությունների համար սահմանել պահանջներ՝ իրենց հաճախորդներին վարկային պարտավորություններ ստանձնելու և վճարման պարտականությունները չկատարելու և դրանց արդյունքում սնանկ ճանաչվելու հետևանքների մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել