Ընդունելությունը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում

Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելությունը բակալավրի կրթական ծրագրում իրականացվում է առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավունք ունի ընդունելություն հայտարարելու լիցենզիայի առկայության դեպքում: Բարձրագույն ուսումնական հաստատությունը պարտավոր է ծանոթացնել դիմորդին իր լիցենզիային, կանոնադրությանը և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), որի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:

Բարձրագույն ուսումնական հաստատությունն ուսանողի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում է դիմորդներին:

Բարձրագույն ուսումնական հաստատության և ուսանողի միջև կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում են սովորելու տարիների տևողությունը և տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների:

Ուսանողի հետ կնքված պայմանագիրը, այդ թվում` այդ պայմանագրով նախատեսված ուսման վարձի ընդհանուր և դրա` ըստ տարիների բաժանված չափերը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն: Հեռացումից հետո վերականգնված ուսանողի ուսման վարձը հաշվարկվում է տվյալ տարվա համար սահմանված վարձավճարի չափով, և նրա հետ կնքվում է նոր պայմանագիր:

Սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո առնվազն 5 տարի ժամկետով գործուղվում է աշխատելու Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած բնակավայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը պարտավոր է փոխհատուցել իր ուսման ծախսերը: Փոխհատուցման կարգը, չափը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բարձրագույն կրթության երկաստիճան համակարգում երկրորդ աստիճանի (մագիստրատուրայի) մրցութային ընդունելությունն իրականացվում է առաջին աստիճանի (բակալավրիատի) գնահատականների հաշվառմամբ` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ըստ բակալավրի կրթական ծրագրի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ընդունելությունը բարձրագույն ուսումնական հաստատություններ կատարվում է ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկի` մատչելիության, հրապարակայնության, արդարության, վստահելիության, թափանցիկության, հավասարության սկզբունքների կիրառմամբ:

Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ծրագրով, դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա, որի կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ասպիրանտուրայի ընդունելության դիմումի հետ միասին բարձրագույն ուսումնական հաստատությունը դիմորդի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում դիմորդին։ Օրինակելի պայմանագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դոկտորանտուրայի փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի և դոկտորական թեզի համար գիտական թեմայի առկայության հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել