Նոր հիշատակի օր սահմանելու մասին նախագիծը մերժվեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել և նոր հիշատակի օր սահմանել։

Մանուկյանն առաջարկում է ապրիլի 10-ին նշել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օրը։

Հեղինակը նշել է, որ Մարաղայի վրա հարձակումը պայմանավորված չի եղել ռազմական անհրաժեշտությամբ. այն բացառապես ուներ Մարաղայի Հայ խաղաղ բնակչության ոչնչացման նպատակ։ Մարաղայի ոճրագործությունը շարունակությունն էր Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և ադրբեջանի այլ բնակավայրերի, ինչպես նաև Արցախի գյուղերում հայկական բնակչության` կազմակերպված և զանգվածային ջարդերի ու տեղահանության:

«Մենք պետք է ի ցույց դնենք, որ Ադրբեջանի գործելաոճը չի փոխվել, ինչը նաև հուշում է, թե ինչ կլինի հայ բնակչության հետ, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Ինձ համար անընդունելի է, որ ՔՊ-ն, տարբեր պատճառաբանություններով չընդունեց մեր այս նախագիծը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող խմբակցությունը մերժել էր նաև «Շուշիի հռչակագրի» դեմ բերված մեր հայտարարությունը, այդ որոշումն իրենց դեպքում խիստ տրամաբանական էր։ Նրանք մտածում են, որ ¿խաղաղության դարաշրջան» բացելու ճանապարհին չի կարելի նեղացնել իրենց կողմից «կիրթ և կառուցողական» որակված Ալիևին»,-նշել է Մանուկյանը։

ՔՊ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ Մարաղայի ջարդերը դատապարտելի են և իրենցից ներկայացնում են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ։  Նա նշեց, որ Մարաղայի ջարդերը միակը չեն, այլ մեծ շղթայի մեջ մեկ օղակ է, որը վկայում է Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող հայատյաց քաղաքականության մասին։

«Մարաղայի իրական դեպքերը, որոնք տեղի են ունեցել և պետք է դատապարտվեն, բերել ու ասել՝ Ադրբեջանը Խոջալուից է խոսում, դրա համար մենք Մարաղան ենք բերում, անընդունելի է»,-նշել է նա։

Նա հայտարարեց, որ ՔՊ-ն ձեռնպահ է քվեարկելու այս օրինագծին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել