Ազգային ժողովի նիստը սկսելու համար քվորում չապահովվեց․ իշխանության ներկայացուցիչները բացակայում էին

Ազգային ժողովի հերթական նիստը սկսելու համար քվորում չապահովվեց: Օրակարգում էր Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության ընդունման հարցը, որը ներկայացրել էին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։

Գրանցվել է 29 պատգամավոր։

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Եթե այդ 4 ժամվա ընթացքում անհրաժեշտ թվով պատգամավորներ գրանցվեն, նիստը կշարունակվի։

«Կհանդիպենք 4 ժամ անց»,-նշեց նիստը վարող Հակոբ Արշակյանը։

Փետրվարի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ հայտարարություն տարածել Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։

ՔՊ խմբակցությունը հայտնել էր, որ խորհրդարանական մեծամասնությունը չի միանա «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի առաջարկին՝ հետևյալ հիմնավորումներով:

«Դեռևս 8 ամիս առաջ՝ 2021-ի հունիսի 15-ին և հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է խնդրին, համապատասխանաբար հրապարակային հայտարարության և մեկնաբանությունների տեսքով: Ընդ որում, առաջարկվող հայտարարության նախագիծը վերը նշված հայտարարության և մեկնաբանության մեջ տեղ գտած առանցքային թեզերի գրեթե լրիվ կրկնությունն է: Հիմնավորումն առ այն, որ ՀՀ-ն պետք է ԱԺ-ի նույնաբովանդակ հայտարարության տեսքով արձագանքի Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից հռչակագրի վավերացմանը, տրամաբանական չէ, քանի որ ՀՀ ԱԺ-ն և ԱԳՆ-ն վարում են և պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն»,-նշել էր պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել