Նախատեսվում է ընդլայնել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Կառավարության առաջարկի հիման վրա լրամշակված նախաձեռնությունը ներկայացրել է Գեւորգ Պապոյանը:  Օրինագծով նախատեսվում է`  մինչեւ 2024 թ. հուլիսի 31-ը բուհերին  հնարավորություն տալ  10 տոկոսի փոխարեն որոշ խմբերի  ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցել 20 տոկոսի չափով:

Հեղինակներն ակնկալում են, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա նաեւ  2016 թ. Ապրիլյան եւ 2020թ. 44-օրյա պատերազմներին մասնակցած  եւ ուսանող համարվող էլ ավելի շատ թվով քաղաքացիների տրամադրել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Նկատի է առնված այն հանգամանքը, որ 2024 թ. այդ ուսանողները պետք է իրենց ուսումն արդեն ավարտած լինեն:

Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի` մարտի 1-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել