Օդանավակայանները սեփականության իրավունքով կարող են պատկանել Հայաստանի Հանրապետությանը, համայնքներին և իրավաբանական անձանց: Օդանավակայանների անշարժ գույքի միավորների նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող օդանավակայանները շահագործվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից նաև կոնցեսիայի միջոցով:
Կոնցեսիայի միջոցով օդանավակայանի շահագործման նպատակով օդանավակայանի սեփականատիրոջ և շահագործողի միջև կնքվում է օդանավակայանի կոնցեսիայի պայմանագիր, որով շահագործողին են փոխանցվում օդանավակայանի շահագործման իրավունքները և գույքի միավորների օգտագործման իրավունքը: Կոնցեսիայով շահագործողին կարող է հանձնվել օդանավակայանի շահագործումը կամ օդանավակայանային առանձին ծառայությունների մատուցումը:
Կոնցեսիայի պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի համաձայնությամբ, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
Օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա շահագործողներն օդանավակայանային առանձին ծառայություններ կարող են հանձնել ենթակոնցեսիայի:
Ենթակոնցեսիայի պայմանները սահմանվում են օդանավակայանների սեփականատերերի կամ շահագործողների կողմից, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է համապատասխան վերահսկողություն իրականացնի օդանավակայանի կոնցեսիոների գործունեության նկատմամբ՝ կոնցեսիոն պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումները կանխելու նպատակով: