Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 15-ին, շարունակվեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները պահանջում են պարզաբանել իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը։
«Դատախազը հրապարակել է ոչ թե մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, այլ՝ այդ մասի մի մասը։ Ինչո՞ւ եք սա նորմալ համարում»,- ասաց Ալումյանը կարճատև ընդմիջումից հետո վերսկսված նիստին։
Ըստ Ալումյանի՝ դատարանը չի պարզաբանել մեղադրանքը, այլ՝ պարզապես նորից կարդացել է այն։ Պաշտպանական կողմի համար պարզ չէ, երբ նշվում է «Քոչարյանն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով», նախագահի կոնկրետ ո՞ր լիազորության մասին է խոսքը։ Բացի այդ, պարզ չէ՝ նախագահը խոստացե՞լ է անգործություն դրսևորել, պե՞տք է դրսևորեր, թե՞ նրան ինչ-որ գործողություններ են վերագրվում։
«Այսպիսի մեղադրանքը հնարավորություն չի տալիս կազմակերպելու պաշտպանությունը։ Եթե մեղադրանքի մեջ ամեն ինչ բացված լիներ, ապա այն մեկ էլ օր չէր ապրի․ դրա աբսուրդը կբացահատվեր հենց հրապարակելու պահին»,- ասաց պաշտպանը։
Իր հերթին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ եթե դատարանին ներկայացված չէ պարզ մեղադրանք, ապա գործի քննությունը չի կարող շարունակվել, և վարույթը ենթակա է կարճման։
«Մեղադրանքի տեքստի վերլուծությունը ցույց է տալիս, որ այնտեղ հանցակազմի հատկանիշների նկարագիր չկա։ Անհասկանալի է՝ ի՞նչ գործողություն է կատարել պարոն Քոչարյանը»,- ասաց պաշտպանը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով ենթակայի և ստորոգյալի լեզվաբանական կանոնը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր համար նույնպես հասկանալի չէ մեղադրանքը․ «ի՞նչ եմ արել, ինչը չպետք է անեի կամ ի՞նչ չեմ արել, ինչը պետք է անեի․ նկարագարված չէ որևէ գործողություն: Մենք ֆանտաստիկ բան չենք ուզում․ պարզաբանեք՝ ի՞նչ լիազորությունների մասին է խոսքը»,- ասաց նախագահը։
Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նկատեց, որ դատարանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ դատախազները Քրեական դատավարության օրենսգիրքը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռք տալիս։