Պետական պատվերի շրջանակներում ներդրվել է արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայությունը. Արսեն Թորոսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի օր։ Առողջապահական այս ճյուղի մասին կարելի է անդադար խոսել, քանի որ աշխարհի զարգանալուն հետ փոխվում են բուժման մեթոդներն ու մոտեցումները և պետք է քայլել այդ ամենին զուգահեռ։

Ուռուցքաբանությունը միշտ եղել է մեր կառավարության կարևորագույն ուղղություններից մեկը և վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել՝ թե’ հասանելիության, թե’ վաղ հայտնաբերելիության և թե’ ապրելիության առումով։ Վստահ եմ, որ արված աշխատանքը շարունակվելու է նույն տեմպերով։

Մեկ անգամ ևս ուզում եմ հիշեցնել, թե ինչ ծրագրեր են ներդրվել Հայաստանում՝ քաղցկեցի դեմ պայքարի համար սկսված 2018 թվականից, որոնցից օգտվում են մեր հազարավոր հայրենակիցներ:

1)2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն իրականացվում է ամբողջովին պետական պատվերի շրջանակներում։

2)2019 թվականի հուլիսից պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում տրամադրվում է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվողներին, բռնադատվածներին, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց, ձերբակալվածներին, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածներին, մինչև 18 տարեկան երեխաներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց:

Բնակչության բոլոր խմբերին, բացառությամբ վերը նշվածից, հիշյալ ճառագայթային բուժումն իրականացվում է արտոնյալ պայմաններով՝ համավճարային սկզբունքի կիրառմամբ:

Ավելի ցածր էներգիայով ճառագայթային բուժումն իրկանացվում է անվճար՝ ախտորոշված չարորակ նորագոյացություն ունեցող բոլոր պացիենտների համար, անկախ սոցիալական վիճակից։

  • Սքրինինգային հետազոտություններ իրականացնելու նպատակով 2020 թվականին ձեռք է բերվել մամոգրաֆիայի շարժական սարք, որի միջոցով մարզերում իրականացվում է բնակչության համար կրծքագեղձի անվճար հետազոտություններ։
  • 2020 թվականից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող հիվանդները բուժում են ստանում թիրախային Տրաստուզումաբ (Հերցեպտին) դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: 2020 թվականից ուռուցքաբանական հիվանդներին, մասնավորապես՝ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ անվճար տրամադրվում է շվեյցարական Ֆ. Հոֆֆմանն-Լա Ռոշ կազմակերպության կողմից արտադրված նոր սերնդի, թանկարժեք «Տրաստուզումաբ լուծույթ ե/մ ներարկման 600մգ/5մլ» դեղը:
  • 2020 թվականից մեկնարկել է հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանում հաշվառված «վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն» ունեցող տարեկան շուրջ 500 հիվանդի անխափան տրամադրվել են հակավիրուսային նորագույն դեղեր: Հեպատիտ Ց-ն համարվում է լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն։
  • Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար ձեռք է բերվում 25 անվանում դեղ:
  • Բժշկական հիմնարկներում ստեղծվել են մուլտիդիսցիպլինար թիմեր պացիենտների ճշգրիտ ախտորոշումը և բուժումը կազմակերպելու համար (Tumor Board): Նման թիմերի առկայությունը բժշկական կենտրոններին պետական պատվեր տրամադրելու նախապայմաններից է։
  • Պետական պատվերի շրջանակներում ներդրվել է արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայությունը:

Միաժամանակ, ստացիոնար պալիատիվ բուժօգնության ծառայություն է ներդրվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել