Ազատ կամք նախաձեռնության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատավորի նկատմամբ գործադրվում է ճնշում
Բարձրագույն դատական խորհուրդը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի առնչությամբ երեք որոշում է կայացրել՝
1) Համաձայնություն է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ.
2) Համաձայնություն է տվել դատավոր Բորիս Բախշիյանին ազատությունից զրկելու վերաբերյալ.
3) Կասեցրել է դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները:
Այս վերաբերմունքին դատավոր Բորիս Բախշիյանն արժանացել է հանրության համար զգայուն քրեական ԸՆԹԱՑԻԿ գործով մեղադրյալին «ապօրինի» կալանավորելու համար: Ընդ որում, այդ այդ դատական ակտը չի բողոքարկվել դատախազության կողմից, իսկ դատավորն էլ օրեր անց կալանքը վերացրել է:
Այս առիթով մի շարք հարցեր են ծագում՝
• Ինչու չի բողոքարկվել դատավորի «ապօրինի կալանավորման» որոշումը դատախազի կողմից.
• Եթե նույնիսկ դատավորը թույլ է տվել կոպիտ խախտում, ապա որն է օբյեկտիվ անհրաժեշտությունը դատավորի պաշտոնի հեղինակությունը ոտնահարել նրան ազատությունից զրկելու միջոցով.
• Արդյոք այսուհետ ընթացիկ գործերով հնարավոր չի լինելու դատավորին հեռացնել վարույթից այս նույն եղանակով (դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքը վկա).
• Արդյոք սա միակ ապօրինի կալանավորման դեպքն էր և ինչու օրինակ բեկանված այն դատական ակտերի հետ կապված, որոնցով շատ քաղաքացիներ ապօրինի կալանավորվել էին, քրեական գործեր չեն հարուցվել ու պաշտոնատար անձինք պատասխանատվության չեն ենթարկվել:
Հարգելի դատավորներ, այս սուրը յուրաքանչյուրիդ գլխին է կախված: Լռությունը և անտարբերությունը գին ունեն:
Փաստաբաններս ուժեղ և արդար դատական իշխանության կողմնակիցն ենք:
Իմ զորակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում անկախ դատավորներին»,- գրել է նա: