Շահեն Վ.-ն մեղադրվում է 2020 թվականի դեկտեմբերի 25-ին`«ԱԿ 47» տեսակի կամ դրա մոդիֆիկացիայի մարտական ինքնաձիգով Արաքսյա Ղ.-ին՝ որի հետ գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, սպանելու համար:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը վարույթ է ընդունել 2021 թվականի դեկտեմբերի 3-ին և մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանին:
Ըստ գործի դատավարական նախապատմության՝ Շահեն Վ.-ն և Արաքսյա Ղ.-ն, Մոսկվայում աշխատելով նույն խանութում, ծանոթացել են իրար հետ, որի արդյունքում վերջիններիս միջև ձևավորվել է փաստական ամուսնական հարաբերություններ: 2019 թվականի սեպտեմբերին 3.200 դոլարով ավտոմեքենա են գնել, որը գրանցել են Շահեն Վ.-ի անունով:
2020 թվականի օգոստոսին Արաքսյա Ղ.-ն ծանոթացել և ընկերություն է արել Հ. Ա.-ի հետ: Հ. Ա.-ն ցանկություն է հայտնել ամուսնանալ Ա.Ղ.-ի հետ: Շահեն Վ.-ն՝ տեղեկանալով վերջիններիս կապի մասին, Արաքսյա Ղ.-ին սպառնացել է, որ հետ է վերցնելու իր անունով գրանցված ավտոմեքենան և սպանելու է իրեն:
2020 թվականի դեկտեմբերի 25-ին Շահեն Վ.-ն և Արաքսյա Ղ.-ն իրենց միջև առկա խնդիրները կարգավորելու համար հանդիպել են: Արաքսյա Ղ.-ն հանդիպման է եկել համատեղ գնված ավտոմեքենայով, որի ժամանակ Շահեն Վ.-ն խանդի և վրեժի շարժառիթով «ԱԿ 47» տեսակի կամ դրա մոդիֆիկացիայի մարտական ինքնաձիգից սկզբում երկու անգամ կրակել է ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն, որից հետո Շահեն Վ.-ն Արաքսյա Ղ.-ին սպանելու մտադրությամբ նույն հրազենից մոտ տարածությունից կրակել է վերջինիս վրա:
Կրակոցի հետևանքով ստացած վնասվածներից (հեմոռագիկ շոկի՝ կրծքավանդակի, որովայնի և ձախ բազկի համակցված հրազենային, գնդակային, թափանցող, միջանցիկ և շոշափող) Արաքսյա Ղ.-ն մահացել է:
Շահեն Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ( Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: