Մտահոգություն ենք հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Այս մասին հայտարարություն է տարածել դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։
«Ուշադիր հետևում ենք հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) առնչվող քրեական գործը, որի նախապատրաստական փուլում դատավորը փոխել էր հրամանատարի խափանման միջոցը՝ ազատել կալանքից՝ նրա նկատմամբ թույլատրելի համարելով գրավի կիրառումը։