Ո՞րն է ձեր պահվածքի պատճառը. զոհվածի քույրը՝ Լուսինե Բադալյանին

Հայտարարվել էր, որ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է իրականացվելու: Պատճառը հունվարի 28-ին Եռաբլուրի շրջակայքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագաիր» խմբկացության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ իր ձևակերպմամբ՝ լայն ժպտալն էր:

Լրագրողների հետ ճեպազրույցում ակցիայի մասնակիցներից Գոհար Խանումյանն ասաց, որ ինքը Արցախյան 2 պատերազմների մասնակից Տիգրան Խանումյանի քույրն է, և որ եղբայրը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին:

«Մինչև երեկ երեկոյան Լուսինե Բադալյանի կողմից ես հայտարարություն չեմ տեսել, որտեղ նշված լինի, որ ինքը ցավում է կատարվածի համար: Նոր ծանոթացա, որ ինքը հայտարարություն  է տարածել, որտեղ նշում է, որ ինքը մի ջերմ պատմություն է հիշել և իրեն գաղտնի են նկարահանել: Հիմա ես ուզում եմ այդ անձին մի հարց տալ՝ քանի՞ անգամ եք դուք եղել Եռաբլուրում, արդյոք եղել եք տղաների շիրիմներին, ովքեր գրեթե ձեր որդիների հասակակիցներն են: Ի՞նչ ես դուք սերմանում մեր երիտասարդներին: Ո՞րն է ձեր պահվածքի պատճառը: Բացի այդ՝ մենք արձանագրեցինք, որ իր կուսակիցները ևս չէին գիտակցում, թե որտեղ են գտնվում»,-ասաց նա:

Գոհար Խանումյանը նշեց, որ ինքը բազմաթիվ անգամներ ականատես է եղել դպրոցականների, որոնք այնտեղ հարազատներ չունեն, բայց Եռաբլուրից վերափոխված են գնում:

«Հիմա, եթե սույն անձը ներկայացնում է ԱԺ-ի իշխող քաղաքական ուժը, ինչպե՞ս է իրեն թույլ տալիս նման պահվածք»,-նշում է նա:

Զոհվածի քույրը հանդիպում է պահանջում և հույս ունի, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը կքննի Լուսինե Բադալյանի պահվածքը: Ինքը հետամուտ է լինելու, որպեսզի այդ գործընթացը սկսվի:

«Առաջարկում եմ, որ մյուս խմբակցությունների ներկայացուցիչներն էլ այս հարցով զբաղվեն, որպեսզի նման նախադեպը կանխվի»,-նշեց Գոհար Խանումյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարություն էր տարածել և նշել.

«Վերջին օրերին սոցիալական մեդիայում հայտնվեց Եռաբլուրի մոտակայքում գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որտեղ ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա, ինչի համար ուզում եմ ներողություն խնդրել։

Նաև ուզում եմ ներողություն խնդրել այն բանի համար, որ երբեք չէի կարող պատկերացնել, որ այդ օրը հայոց բանակը փառաբանելու և հայ զինվորին մեծարելու փոխարեն՝ կարող են գտնվել մարդիկ և լրատվամիջոցներ, որոնք ի վիճակի են նման մանիպուլյացիաներով, իրենց նպատակներին հասնելու համար, խաղալ նույնիսկ մեր զինվորների ծնողների զգացմունքների հետ։

Խորապես ցավում եմ կատարվածի համար։

Խոնարհումս մեր բոլոր քաջերի հիշատակի առաջ։

Խոնարհումս նրանց ծնողների առաջ, ովքեր ամենաթանկն են նվիրել մեր հայրենիքին։

Խոնարհումս մեր քաջ զինվորներին, ովքեր այսօր էլ պահում եմ հայրենիքի սահմանները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել