«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մանուկյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնել է ավիաընկերություններից մեկից տոմսի գնման, այնուհետև թռիչքի չեղարկման ու փոխհատուցում ստանալու հետ կապված խնդրի մասին։
«Խոսքը՝ Aerobilet առցանց ավիատոմսեր վաճառող և Ukraine International Airlines (UIA) ընկերությունների մասին է։ 2019թ․ օգոստոսի 24-ին Aerobilet-ի միջոցով առցանց տոմս գնեցի UIA չվերթով Դելի թռչելու համար: Թռիչքից առաջ երկու օրվա ընթացքում, ըստ կարգի, փորձեցի առցանց գրանցվել՝ համակարգը թույլ չտվեց։ Պարզվեց՝ թռիչքը չեղարկել են, ինձ չեն տեղեկացրել և թռիչքի այլ տարբերակ էլ չեն առաջարկել։
Տոմսը փոխելու և Դելիում նախատեսված համաժողովին մասնակցելու բոլոր ջանքերս ձախողվեցին։ Առաջարկված թռիչքի նոր տարբերակով զեկույցիս նշանակված ժամից արդեն ուշացած էի»,-նշում է Գևորգ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ փորձել է տոմսի գումարը հետ ստանալ։
«Aerobilet-ը, ումից գնել էի տոմսը, նամակներիս այլևս չպատասխանեց, իսկ ծրարով ուղարկված նամակս ետ եկավ։ UIA-ի երևանյան տոմսարկում տեղեկացրեցին, որ դա իրականում թուրքական ընկերություն է և իմ վճարած գումարն անմիջապես փոխարկվել է թուրքական լիրայի։
Շուրջ երկու և կես տարի ուկրաինական ավիաընկերությունը տարբեր անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվում էր փոխանցել գումարը։ Նամակագրությունն ընթանում էր հաճախորդների հետ կապերի գծով մենեջեր Natalia Erdoghan անուն ազգանունով տիկնոջ հետ»,-մանրամասնում է ՀԿ-ի նախագահը։
Գևորգ Մանուկյանը նաև հայտնեց, որ 2,5 տարի ձգձգելուց հետո միայն՝ վերջերս են փոխանցել գումարը։
«Ոչ լրիվ գինը՝ 526 եվրոից 400-ը։ Մնացած գումարի, պատճառված նյութական և բարոյական վնասների համար միջազգային դատական վեճ սկսելու համար՝ ժամանակն ավելի թանկ է»,-ասաց նա։