ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը խորհրդի անդամներ Հրանտ Եպիսկոպոսյան, Միքայել Համբարձումյան կազմով, մասնակցությամբ ազգային բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Չեմբերջյանի, օրերս մասնավոր աշխատանքային այց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետություն: Նպատակը հայ-իրանական գործարար կապերի հաստատումն էր, իրանահայ համայնքի հետ կայուն շփումների ստեղծումը: Այս մասին հայտնում են ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից։
«Այցի ընթացքում հանդիպում է եղել թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. արքեպիսկոպոս Սարգսեանի հետ, կարծիքներ են փոխանակվել Հայաստանում և Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Սրբազանն ի մասնավորի ներկայացրել է մայր հայրենիքի հետ կապված իրանահայ համայնքի մտահոգությունները` միաժամանակ գոհունակություն հայտնելով, որ Իրանի իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են հայ համայնքի համար զարգացման նպաստավոր պայմաների ստեղծման, ինքնության պահպանման առումներով:
Հանդիպումներ են եղել նաև տեղի գործարար շրջանակների հետ, նախանշվել են հայաստանյան գործընկերների հետ իրականացման ենթակա կոնկրետ ծրագրեր: Արդյունավետ համագործակցության հիմքերը դրված են, հնարավոր ամեն ինչ արվելու է բարեկամական Իրանի հետ գործարար կապերն արդյունավետ դարձնելու համար»,-նշել է նա: