Ես էլ կսորագրեի էդ տեքստի առաջին հատվածի տակ (անվստահություն հայտնելու)․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շատ ընկերներ ունեմ, որոնք Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու թղթի տակ ստորագրողներին եմ փնտրում, որ անարգանքի սյունին գամեն։ Ուզում եմ ասել, որ ես էլ կսորագրեի էդ տեքստի առաջին հատվածի տակ (անվստահություն հայտնելու)։ Ու դա մի քանի ակնհայտ պատճառ ունի։

1. Համառորեն չհերքված լուրեր են շրջանառվում, որ Հայկը մի քանի անգամ փորձել ա հրաժարական տալ, բայց այս կամ այն պատճառով հիմա էլ էդ մտքից ա հրաժարվել։ Գնալ/չգնալը լավ ա, թե վատ, չգիտեմ, բայց պաշտոնյան չի կարող լավ պաշտոնավարել, եթե պարբերաբար չի ուզում պաշտոնավարել / գործին ամբողջ սրտով չի կպած / խոչընդոտները վեր են իր ուժերից։ Եթե մարդը չի ուզում աշխատել, համամարդկային հումանիստական արժեքներին դեմ ա նրան ստիպել աշխատել։ Իսկ եթե ուզում ա, բայց չեն թողնում, իսկ ինքը պարտիզանի պես լռում ա, ուրեմն դա էլ պետք ա համապատասխան գնահատվի։

2. Պաշտոնավարման ամբողջ ընթացքում հրապարակային գնահատական չեմ տվել նրա գործունեությանը։ Ոչ լավը, ոչ վատը։ Որոշ դեպքերում գովելու բաներ, իհարկե, եղել են․ դրանք բոլոր քաղաքապետերի մոտ էլ եղել են։ Բայց ինձ, որպես քաղաքացի, ավելի տեսանելի են եղել խորքային էն խնդիրները, որոնք այդպես էլ համառորեն չեն լուծվել, շարունակել են նախորդողների սխալները կրկնել։ Համայնքայինը համայնքին վերադարձնելը ամենագովելի բանն էր, իրավունքն անտեսելով օրենքի տառին կառչած մնալը՝ ամենադատապարտելին։ Երկրորդն ինձ համար ավելի կարևոր ա, քանի որ նաև իրավունքից ա բխում «համայնքինը՝ համայնքին» սկզբունքը։

3. Եթե ոչ ուրիշներից, ապա ես ինքս ինձնից կամաչեմ, եթե ինձ որպես մեդիահոսքերով կառավարվող զանգվածի մաս զգամ։ Այլ կերպ չի կարելի նկարագրել, երբ մարդու մասին խոսելուց նախորդ օրը հայհոյում են վերջին խոսքերով, բոլոր «հիմնավորումներով», իսկ մի օր անց մեդիա-աղբի ազդեցության տակ երեկվա հայհոյվածի անունով երդվում կամ հակառակը։ Էստեղ հարցն էն չի, որ մարդու կարծիքը պետք ա կարծրացած լինի ու երբեք չփոխվի։ Հարցն էն ա, որ եթե համոզված չես, չի՛ կարելի հայհոյել։ Երեկվա «հերոսներին» «դավաճան» ու էսօրվա «դավաճաններին» վաղը «հերոս» դարձնելը սպանում ա քաղաքական որևէ բան, գործիչներին մղում անդեմ ու պոպուլիստ լինելու։

4. Իմ դիրքորոշմամբ ես մեկ անգամ ևս կընդգծեի, որ քննադատել չի նշանակում «մերժել» ու որոշ դրվագներում պաշտպանելը չի նշանակում «անվերապահ վստահել»։ Սենց վարվող մարդիկ իրենք իրենց սարքած ծուղակն են ընկնում, որի վերջում անհուն հիասթափությունն ա։

5. Վերջապես ընտրողը պետք ա հասկանա, որ ավագանու ընտրությունը քաղաքապետի, անձի ընտրություն չէ՛։ Եվ հանրությունը պետք ա պատասխանատու լինի իր ընտրության համար, գիտակցի պատասխանատվության իր բաժինը։ 2018 սեպտեմբերին ՔՊ ավագանուն ձայն տվողները Հայկին չի՛, որ ձայն են տվել (ինչպես հիմա պնդում են ՖԲ-ում), այլ ձայն են տվել ՔՊ ներկայացրած ավագանու ամբողջ կազմին։ Իսկ այդ ավագանին իրավունք ունի և՛ անվստահություն հայտնել և՛ քաղաքապետի այլ թեկնածու առաջադրել ու ընտրել։ Խնդրում եմ մյուս անգամ դա հաշվի առնել․ թող սա դաս լինի։

Էս հանգամանքների բերումով, Հայկ Մարության-Երևանի քաղաքապետ անձի նկատմամբ ամենայն հարգանքով, կուզեի ջերմությամբ սեղմել նրա ձեռքը, շնորհակալություն հայտնել նրա կատարած ահռելի աշխատանքի համար, և հաշվի առնելով չաշխատելու նրա բուռն ցանկությունը, ստորագրություն դնեի նրա հեռանալու իրավական գործընթացի փաստաթղթի տակ՝ հաջողություն մաղթելով նրա ընտրած այլ ճանապարհում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել