Նազելի Բաղդասարյանի որոշմամբ պոլիկլինիկայի տնօրեն է ազատվել պաշտոնից

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը դեկտեմբերի 10-ին որոշում է ստորագրել, որում ասված է․

«2021 թվականի դեկտեմբերի 10-ից դադարեցնել Արտուշ Ասատրյանի՝ «Գյումրու Վ․ Աբաջանյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի լիազորությունները լուծելով՝ նրա հետ 2018 թվականի ապրիլի 20-ին կնքված  N 9 աշխատանքային  պայմանագիրը»։

Նշենք, որ Արտուշ Ասատրյանը շուրջ 10 տարի ղեկավարել է պոլիկլինիկան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ մեղադրանք է առաջադրվել «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրենին։

Մասնավորապես, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն բուժհաստատության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատոր Հ․ Կ․-ի հետ, ղեկավար պաշտոնով պայմանավորված իր դիրքը և հեղինակությունն օգտագործելու եղանակով 2021թ. սեպտեմբեր ամսին, չպարզված օրը, վերջինիս հանձնարարել է կազմել և տրամադրել իր աշխատասենյակ եկած, գործով դեռևս չպարզված 6-7 անձի վերաբերյալ «COVID-19» հիվանդության դեմ պատաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել