Դեկտեմբերի 10-ին, ժամը 08։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին նռնակ է նկատել։
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ թիվ 35/1 հասցեում գտնվող մթերային խանութի և թիվ 15 շենքի հարակից տարածքում (փողոցում) հայտնաբերվել է «РГД-5» տեսակի երկու մարտական ձեռքի նռնակ։
Սակրավորները հայտնաբերված նռնակները մարտական վիճակից բերել են տրանսպորտային վիճակի և հանձնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին։