Ոստիկաններն արտաքին գործերի նախարարության շենքից բերման ենթարկեցին «Ազատագրական շարժման» ակցիայի գրեթե բոլոր մասնակիցներին։ Նրանք պնդում էին, որ հարցեր ունեն և ցանկանում են խոսել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Շարժման մասնակիցներին մոտեցան ոստիկանության աշխատակիցները և հայտնեցին, որ ընդունելության համար սահմանված կարգ կա։ Նրանք կոչ արեցին ակցիայի մասնակիցներին դուրս գալ ԱԳՆ շենքից՝ նշելով, որ հակառակ դեպքում բերման կենթարկեն:
Քանի որ ակցիայի մասնակիցները չհամաձայնեցին դուրս գալ, ոստիկանները ուժ կիրառելով նրանց դուրս բերեցին շենքից:
«Սա արդեն ձեռագիր է դարձել։ Բողոքի ակցիայի դեպքում որոշակի կանոններ կան, եթե ինչ-որ մեկը խոչընդոտում է ինչ-որ մի բանի բնականոն գործունեությունը, ապա կարգն այնպիսինն է, որ պետք է մոտենան հավաքի կազմակերպչին, պահանջեն բացառել խոչընդոտը, դրանից հետո երկու անգամ բարձրախոսով տեղեկացնեն, ապա նոր այդ մարդուն հեռացնեն, ոչ թե բերման ենթարկեն», – լրագրողներին ասաց ակցիայի կազմակերպիչ Արա Զոհրաբյանը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները կարծում են, որ կառավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և նախագահ Արմեն Սարգսյանն ի վիճակի չեն ՀՀ շահերը ներկայացնել։
«Այսօրվա կառավարությունն ուղիղ քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին», – լրագրողներին ասել էր Արա Զոհրաբյանը։
Իրավաբան․net-ին ոստիկանությունից հայտնում են, որ ԱԳՆ շենքից բերման է ենթարկվել 11 հոգի։