Դավիթ Մինասյանը՝ Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնում նորից առաջադրվելու, արդեն արված աշխատանքների ու նոր ծրագրերի մասին

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Համամասնական ընտրություններում առաջադրվել է 3 քաղաքական ուժ: Ընտրապայքարի մեջ է նաև գործող համայնքապետ Դավիթ Մինասյանը, որը ներկայացել է «Քաղաքացու որոշում» և «Արդարություն» կուսակցությունների կողմից ձևավորված «Դավիթ Մինասյան» դաշինքով: Դաշինքը ձևավորվել է վերջինիս առաջարկով:

Գործող համայնքապետը քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքից:

«Քարոզարշավը նորմալ ընթանում է: Հերթով շրջում ենք բոլոր համայնքներում և ներկայացնում մեր նախընտրական ծրագիրը»,- Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մինասյանը:

Համայնքապետի թեկնածուի խոսքով՝ իրենց նախընտրական ծրագրում նշված են Փարաքար միավորված համայնքում առկա այն առաջնային խնդիրների լուծումները, որոնք ընտրություններում հաղթելու դեպքում իրենց քաղաքական թիմը պատրաստվում է իրականացնել:

«2021 թվականի հունիսին մոնիթորինգ ենք արել և ստացված արդյունքները ամփոփելով արդեն տեղյակ ենք, թե ինչ խնդիրներ կան Փարաքար համայնքում: Նախատեսում ենք համայնքի բոլոր բնակավայրերի միջև հարմարավետ տրանսպորտային համակարգ ներդնել: Ունենք գյուղատնտեսության զարգացման և քաղաքաշինության ծրագրեր: Բարելավելու ենք համայնքային ենթակայության տակ գտնվող կրթական հաստատությունների շենքային պայմանները, ինչպես նաև նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպման որակը»,- վստահեցրեց Դավիթ Մինասյանը:

Գործող համայնքապետի խոսքով՝ 2019 թվականից մինչ օրս 520 միլիոն դրամ արժողությամբ համայնքային զարգացման ծրագրեր են իրականացվել Փարաքարում:

«2019 թվականի իմ նախընտրական ծրագրում կային կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Վստահեցնում եմ, որ այս տարիներին հասցրել եմ իրականացնել իմ նախընտրական ծրագրում ներկայացվածների մոտ 80%-ը: Թաիրովում իննսունականներից ասֆալտապատում չէր իրականացվել, իսկ աղբահանությունը ուղղակի աղետալի վիճակում էր: Համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո, մի շարք փողոցներում կատարվել են ասֆալտապատման և լուսավորության աշխատանքներ: Վերակառուցել ենք Թաիրովի մշակույթի տան ջրագիծը: 2020 թվականի սեպտեմբերից Փարաքար համայնքում գործում է աղբահանության նոր համակարգ, որը չենք կարող համեմատել նախորդի հետ:

Իրականացրել ենք նաև սոցիալական և համայնքային զարգացման այլ ծրագրեր»,-ասաց գործող համայնքապետը և ավելացրեց, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում համայնքի բնակիչների վստահության քվեն հարյուր տոկոսով իրենց դաշինքն է ստանալու:

Հիշեցնենք, որ Փարաքար համայնքում առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է Փարաքար համայնքի ներկայիս ղեկավար Դավիթ Մինասյանը, և «Ապրելու Երկիր» կուսակցությունը, որը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել