Հրատապ աշխատանքային քննարկում էի նախաձեռնել․ Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր հրատապ աշխատանքային քննարկում էի նախաձեռնել Կառավարության նիստում ՀՀ վարչապետի հայտարարությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու և դրանից բխող ՀՀ սահմանային փոփոխության վերաբերյալ հարցերը քննարկելու համար։

Ինձ և իմ գործընկերներին հետաքրքրում է, թե իրավական ինչ հիմնավորմամբ է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածը ադրբեջանական տարածք է, որն է այս հայտարարության իրավական հիմքը՝ որևէ քարտեզ կամ փաստաթուղթ, ինչպե՞ս համոզված լինենք, որ այն տարածքը, որի հայկական լինելը մինչև վերջերս կասկածի տակ չէր դրվել, այլևս ադրբեջանական է, նույնիսկ խորհրդային տարիներին՝ այդ ճանապարհը կառուցելիս, հաշվի է առնվել, որ այն հայկական տարածք է։

Որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ ինձ համար կարևոր է նաև, որ Կառավարությունը պարզաբանի, թե երբ ասում են, որ ՀՀ քաղաքացիները պետք է նոր ճանապարհով անցնեն, իսկ նրանք, ովքեր ցանկություն կունենան անցնել Գորիս-Կապան ավտոճանապարհով, պետք է վճարումներ իրականացնեն, ապա, օրինակ, ի՞նչ արտարժույթով են վճարելու ադրբեջանցիներին, ինչպե՞ս, չվճարելու դեպքում վեճերն ինչպե՞ս են լուծվելու, արդյոք ՀՀ քաղաքացիները հայտնվելու են Ադրբեջանի իրավական մարմինների ուշադրության կենտրոնում, ինչպե՞ս են նման պարագայում օգտվելու իրենց իրավունքներից։

Այս և մի շարք այլ օրհասական հարցերով դիմել էի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջով, որ նա կամ նրա կողմից լիազորած անձը ներկայանա Խորհրդարան ու պարզաբանումներ տա հայտարարությունից բխող խնդիրների վերաբերյալ, սակայն ո՛չ ՀՀ վարչապետը, ո՛չ նրա ներկայացուցիչը, ո՛չ էլ իշխող կուսակցության անդամները չներկայացան նիստին, իսկ այս հարցերը շարունակում են անպատասխան մնալ և սպառնալ ՀՀ անվտանգությանն ու ոտնահարել ՀՀ քաղաքացիների իրավունքները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել