Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում Քանաքեռում տեղի ունեցած սպանություններից

Նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողները հիշյալ տանը հայտնաբերեցին տարբեր տեսակի հրազեններ՝ 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ, արնանման հետքեր և այլն։ Տան բակում տղամարդկանց դիեր կային։ Պարզվեց ինքնությունը՝ 43-ամյա Արթուր Ղազարյան ու 37-ամյա Արայիկ Խաչատրյան։ Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

Հավելենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել, 2006թ. հուլիսի 22-ից ՀՀԿ անդամ է եղել։

Իսկ Արթուր Ղազարյանը քրեական հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույն» է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել