Արծրուն Հովհաննիսյանը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ընդգրկվելու մասին

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ, նա կընդգրկվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում։

Այս մասին լուրն Իրավաբան․net-ի հետ զրույցում հաստատեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ստացել է առաջարկը և իր համաձայնությունն է տվել։

«Հանձնաժողով ստեղծելը շատ կարևոր է, որպեսզի մասնագիտական օբյեկտիվ քննություն իրականացվի, առանց էմոցիաների, առանց հիստերիաների»,-ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ուշացած չէ այդ հանձնաժողովի ստեղծումը, նա նշեց․ «Ուշ չէ, իհարկե։ Նման բաները շուտ չեն էլ անում, ինչքան շուտ ես անում՝ այնքան ավելի էմոցիոնալ է լինում։ Աշխատանքի ծավալը շատ-շատ մեծ է, կարող է մեկ-երկու տարի տևի, դրանք հսկայական քանակի փաստաթղթեր են և ոչ միայն փաստաթղթեր»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Արդյոք հնարավոր կլինի հանձնաժողովում ընդգրկվող պատգամավորների հետ արդյունավետ աշխատելը, հաշվի առնելով որ որոշ պատգամավորներ պատերազմից հետո իրեն չեն վստահում, նա ասաց, որ ինքը նման պատգամավորների հետ աշխատել-չաշխատելու բան չունի։

«Ես մասնագետ եմ, ով նայելու է իրադարձություններին, դեպքերին, նյութերին, փաստաթղթերին ու տա իր գնահատականը»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել