Սա նշանակելու է, որ մնալու է մեկ լուծում՝ Ղարաբաղն՝ Ադրբեջանի կազմում․ Քոչարյանը՝ դելիմիտացիայի մասին

Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավվաքի ժամանակ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում ասաց․

«Առաջին պատերազմի հաղթանակից հետո մեր բանակցային դիրքերը խարսխված էին մեր հաղթանակների վրա․ դա անվտանգության գոտին է Ղարաբաղի շուրջ, 7 շրջանները, դա Հայաստանի մարտունակ բանակն էր, և այն փաստը, որ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է եղել, և Հայաստան-Ղարաբաղ ընդհանուր սահմանն է եղել՝ Վարդենիսից մինչև Արաքս գետ, և դա մեզ ուժ էր տալիս բանակցային ամբողջ գործընթացում, և քայլ առ քայլ մենք արձանագրում էինք դիվանագիտական հաղթանակներ։

Հիմա այլևս այդ բոլոր առավելությունները չկան, քանի որ մեկը որոշել է, որ ինքը սկսելու է այդ բանակցությունները զրոյական կետից, ուրեմն ինքը պետք է զրոյացներ մեր բանակցային բոլոր առավելությունները, մեր հաղթանակած առավելությունները։ Հիմա ի՞նչ են բանակցելու։ Բանակցությունները հաջողված են լինում, երբ հենվում են փոխզիջումների վրա, հիմա մենք ի՞նչ ունենք՝ փոխզիջելու․ ոչինչ չի մնացել։

Հիմա ի՞նչ ռիսկեր են մեր առջև՝ կապված ևս Ղարաբաղի հետ։ Շատ է խոսվում դելիմիտացիայի մասին և Սյունիքով միջանցքի մասին։ Ո՞րենք են այստեղ վտանգները։ Դելիմիտացիա նշանակում է, որ ուղղակի կամ անուղղակի, բայց փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ֆիքսում Ղարաբաղի անկլավային վիճակը՝ Ադրբեջանի ներսում։ Սա ուղղակի վերջն է լինելու Ղարաբաղի հարցի կարգավորման, սա նշանակելու է, որ մնալու է մեկ լուծում՝ Ղարաբաղն՝ Ադրբեջանի կազմում, այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու։

Պատկերացրեք, որ դելիմիտացիան իրականացնելուց հետո Ադրբեջանն ստանալու է լեգիտիմ իրավունք՝ ցանկացած պահի Հայաստանը Ղարաբաղին կապող ճանապարհին դնել իր սահմանապահներին, իր մաքսային կետն ու ամբողջությամբ վերահսկել շարժը, ճիշտ այնպես, ինչպես արեց Գորիս-Կապան ճանապարհին: Եվ ոչ մեկը չի կարող նրան խանգարել, քանի որ դա լինելու է օրինական քայլ։ Ուրեմն բացառվում է թույլատրել կամ ստորագրել մի փաստաթուղթ, սկսել մի գործընթաց, որի արդյունքում հավերժացվելու է այս կապիտուլացիան և կանխորոշվելու է Ղարաբաղի կարգավիճակը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել