Ռոբերտ Սուքիասյանն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Գլխավոր դատախազությունը կբողոքարկի գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը։

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերի 1-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Սուքիասյանին։

Ավելի վաղ՝ դեռ հուլիսի 22-ին, երբ կրկին դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ Ռոբերտ Սուքիասյանի նկատմամաբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, նրա պաշտպանը՝ Գոռ Միքայելյանը, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել էր, որ որոշումը միանշանակ բողոքարկելու են։

«Նրան մեղադրանք է առաջադրվել մեկ հոդվածով՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով»,-ասել էր նա։

Պաշտպանի խոսքով՝ կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է նախքան իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելը։

«Ամեն անգամ վարույթն իրականացնող մարմինը փորձում է հիմնավորել, որ դա հնարավոր է, բայց ամեն անգամ դատարանները հաստատում են, որ առանց մեղադրանք առաջադրելու անձին կալանավորելու միջնորդությունը ենթակա է մերժման»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հայտնել էր, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «Browning» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ:

Այնուհետև Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի  ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Նարեկ Կարապետյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարում՝ Դատավոր Վաչե Մարգարյանը և Ռոբերտ Սուքիասյանի եղբայրը՝  Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել