Գլխավոր դատախազությունը կբողոքարկի գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը։
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերի 1-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Սուքիասյանին։
Ավելի վաղ՝ դեռ հուլիսի 22-ին, երբ կրկին դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ Ռոբերտ Սուքիասյանի նկատմամաբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, նրա պաշտպանը՝ Գոռ Միքայելյանը, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել էր, որ որոշումը միանշանակ բողոքարկելու են։
«Նրան մեղադրանք է առաջադրվել մեկ հոդվածով՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով»,-ասել էր նա։
Պաշտպանի խոսքով՝ կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է նախքան իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելը։
«Ամեն անգամ վարույթն իրականացնող մարմինը փորձում է հիմնավորել, որ դա հնարավոր է, բայց ամեն անգամ դատարանները հաստատում են, որ առանց մեղադրանք առաջադրելու անձին կալանավորելու միջնորդությունը ենթակա է մերժման»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հայտնել էր, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «Browning» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ:
Այնուհետև Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Նարեկ Կարապետյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: