Նախատեսվում է ավելացնել գլխավոր դատախազի վարձատրությունը՝ 95, տեղակալներինը՝ 100, որոշ դատախազներինը՝ 120 տոկոսով

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն նախատեսվում է բարձրացնել գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի տեղակալների և և գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների վարձատրությունը։ 

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ակնկալվում է, որ Գլխավոր դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների (թվով 21) համար նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 144․000․000 ՀՀ դրամ։

Հավելվածով սահմանվում են առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը՝ նշելով պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացումը:

Հ/Հ Պաշտոնի անվանումը Վճարվող հավելումների չափը (%)
Դատախազություն
1. ՀՀ գլխավոր դատախազ 95
2. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ 100
3․ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող) 120
4. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող) 90
5. ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ 100

Նախագծի հիմանվորման մեջ ասվում է, որ առաջարկվող կարգավորման համար հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցման միջոցով տրամադրված պատասխանները, որոնք պարունակում են տվյալ պաշտոնների մասին տեղեկատվություն և դրանց՝ առանձնակի ռիսկայնության և մասնագիտացման վերաբերյալ հիմնավորումները: Սույն իրավիճակում առավել նպատակահարմար է սահմանել հավելումներ ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ստեղծվելիք ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների համար: Աշխատանքային քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ նախնական ծրագրվում է ստեղծվելիք վարչությունում նախատեսել 1 վարչության պետի, 3 վարչության պետի տեղակալի, 6 ավագ դատախազի և 5 դատախազի պաշտոնների հաստիքներ:

Հիշյալ պաշտոնների համար հավելում նախատեսելու առաջարկի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հսկողություն և վերահսկողություն իրականացնելը կրում է առանձնակի ռիսկային բնույթ:

Նշվում է, որ ողջամտության սահմաններում ու հիշատակված հիմքերի առկայության դեպքում մասնագիտացված դատախազների համար կարող է սահմանվել առավել բարձր աշխատավարձ: Մասնավորապես, կոռուպցիոն գործերի հետ առնչվող դատախազները, բացի ընդհանուր մասնագիտական գործունեության առանձնահատկություններից, աշխատում են կոռուպցիոն դեպքերի հետ և կարող են հայտնվել արտաքին զգալի ճնշման տակ: Ընդ որում, արտաքին զգալի ճնշումը պայմանավորված է ոչ միայն գործի մասնակիցների զբաղեցրած դիրքով և պաշտոնով, դրանցից բխող ազդեցությամբ և իշխանական լիազորություններով, այլև կոռուպցիոն գործերով հանրային բարձր հետաքրքրվածությամբ և համապատասխանաբար դատախազի դիրքորոշման վրա՝ հանրային կարծիքից բխող ճնշումների առկայությամբ, որը հաճախ ուղեկցվում է զանգվածային լրատվական միջոցներով դատախազի անձի և բարի համբավի, մասնագիտական կարողությունների վերաբերյալ սուբեկտիվ, անհիմն և կոշտ որակումներով:

Քննարկվող դեպքում ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ստեղծվելիք ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների պաշտոնների համար հավելումներ սահմանելը իր հիմքում ունի օբյեկտիվ չափանիշներ և բխում է ողջամիտ անհրաժեշտությունից, քանի որ վերաբերում է ՀՀ դատախազության համակարգում գործող այն ստորաբաժանման դատախազներին, որոնք ի լրումն դատախազի պաշտոնից բխող ռիսկերին, բարձր պատասխանատվությանը և լարվածությանը, կատարելու են խիստ յուրահատուկ մասնագիտական պարտականություններ:

Մասնավորապես, կոռուպցիոն հանցագործություններով գործերի քննության նկատմամբ հանրային հետաքրքրվածության մակարդակը շատ ավելի բարձր է: Դեռ ավելին, ՀՀ անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների կողմից մշտական ուշադրության կենտրոնում են կոռուպցիոն հանցագործությունների քննությունը, առավելապես, երբ դրանք կապված են բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ և հիշյալ գործերով արդյունավետ և օրինական քննություն անցկացնելու անհրաժեշտությունը բխում է ոչ միայն ՀՀ քաղաքացիների առաջ պետության ստանձնած պարտավորություններից, այլև՝ միջազգային կառույցներին անդամակցությունից և ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերից:

Բացի այդ՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ որպես կանոն կոռուպցիոն հանցագործություններով հանցավոր արարք կատարելու մեջ մեղադրվող անձինք ունեն լծակների հարուստ զինանոց, առավել ևս, եթե զբաղեցնում են կամ զբաղեցրել են ղեկավար պաշտոն իրավապահ համակարգում կամ որևէ այլ կերպ առնչություն ունեն կամ ունեցել են իրավապահ կամ արդարադատության մարմինների հետ: Նման պայմաններում առավել մեծ են ռիսկերը, որ կոռուպցիոն գործերով հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող և դատական քննության ընթացքում որպես մեղադրող հանդես եկող պաշտոնատար անձի՝ դատախազի նկատմամբ ճնշումների փորձեր կնախաձեռնվեն: Այս պայմաններում դատախազի գործունեությունը ավելի սթրեսային է դառնում՝ պահանջելով վերջինից՝ կողմի և հանրության հնարավոր ճնշումներին դիմակայելու, պետության և հանրության շահերը ենթադրյալ կոռուպցիոն հանցագործության քննության ընթացքում լավագույնս ներկայացնելու ունակություն:

Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի այն տեղակալների մասով հավելման նախատեսմանը, որոնց համակարգման ոլորտում չի լինելու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքների համակարգումը, ապա հարկ է նշել, որ հավելման սահմանումը տվյալ դեպքում նպատակ ունի ապահովել, որպեսզի տեղի չունենա մեծ շեղում ընդհանուր կանոններից, քանի որ դրա չսահմանման դեպքում ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի վարձատրության չափը կկգերազանցի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վարձատրության չափը, ինչը կխաթարի դատախազության աստիճանակարգված ենթակայության տրամաբանությունը։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների և ստեղծվելիք ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների պաշտոնների համար առաջարկվում է նախատեսել հավելումներ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել