Ինչու՞ մինչ օրս ՊՆ-ն չի հրապարակել զոհված տղաների անունները․ Գեղամ Նազարյանը՝ Պաշտպանության նախարարին

2020 թվականի նոյեմբերի 9-ից անցել է 350 օր, ինչու՞ մինչ օրս Պաշտպանության նախարարությունը չի հրապարակել այն հերոս զոհված տղաների անունները, որոնք հուղարկավորված են և նրանց գտնվելու վայրը հարցականի տակ չէ։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Անուններն այդպես էլ չեն հրապարկվել, նրանց հուղարկավորման վայրերը չեն հրապարակվել։ Ինչու՞ չեք հրապարակում անունները և ծնողների անունիս ես ասում եմ՝ պահանջում եմ, որ մինչև նոյեմբերի 10-ը հրապարկեք։ Եթե չեք ցանկանում դուք հրապարակեք՝ ցուցակն ինձ ուղարկեք, ես տեղը կգտնեմ հրապարակելու»,-ասաց նա։

Պատգամավորի հարցին պատասխանեց Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում ամբողջ ցուցակը հրապարակված է, բոլոր իրենց տվյալներով, խնդրում եմ դա ուսումնասիրել»,-նշեց նախարարը։

Գեղամ Նազարյանը հակադարձեց՝ դրանք բոլորին տարբեր բաներ են․ «Ինչու Պաշտպանության նախարարությունը ինքը չի հրապարակում այդ ցուցակները, ինչու՞ չի տրամադրում այդ ցուցակները։ Որպեսզի տարընթերցում չլինի՝ խնդրում եմ, որ այդ ցուցակում նշվի, թե նրանք որտեղից են զորակոչվել և որտեղ են հուղարկավորված, որպեսզի վերջ տանք նաև այն խոսակցություններին, որոնք չգիտենք ովքեր են տարածում, որ Արցախից մի հոգի անգամ չի զոհվել, մենք հասկանանք, թե արցախցիներն ինչ մասնակցություն են ունեցել այս պատերազմում»։

Արշակ Կարապետյանը նշեց, որ կուսումնասիրեն այն առաջարկը, որ ՊՆ-ն հրապարակի։ «Որոշումը կայացնենք՝ ձեզ տեղյակ կպահենք»,-ասաց ՊՆ-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել