Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ տեղի է ունեցել տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը:
Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։
1988 թվականից սկսած սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր:
Հանդիպումը բացվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի բացման խոսքով:
«Մենք հավաքվել ենք այսօր քննարկելու Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտության հետևանքների հաղթահարման խնդիրը, որում ներգրավված են Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները: Շուրջ երեսուն տարվա ընթացքում մենք` հոգևոր առաջնորդներս, ջանում ենք, որպեսզի մեղմենք այս ողբերգական հակամարտությունը: Աստծուց կոչված ենք քարոզելու սեր և ողորմություն, անգամ երբ դա դժվար իրականանալի է թվում:
…Քաջ հայտնի է, որ հոգևոր կյանքի ոլորտը մարդու համար ամենազգայունն է: Ցավոք, կան մարդիկ, որոնք բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունն արդարացնում են կրոնով: Եվ մենք կոչված ենք համատեղ միանշանակ պատասխան տալ կրոնը և պատերազմը միմյանց կապելու փորձերին»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին, մասնավորապես ասաց. «2017 թվականից ի վեր տևական ժամանակ հնարավորություն չենք ունեցել հանդիպելու հոգևոր առաջնորդների այս ձևաչափով, որտեղ ոչ միայն արծարծվում էին ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված մեր ժողովուրդների կյանքում առաջ եկած խնդիրները, այլև ուղիներ էին որոնվում դրանց հաղթահարման, մթնոլորտի լիցքաթափման և կայունացման՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման։ Այս առիթով Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր սիրեցյալ եղբորը` Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ին՝ այս հանդիպումը կազմակերպելու համար։
Մեր հանդիպումը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանը վերստին գերլարված է:
Ադրբեջանը, անցած տարվա սեպտեմբերի 27-ին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծեց պատերազմական լայնածավալ գործողություններ, ինչը աղետալի իրավիճակ ստեղծեց ողջ տարածաշրջանում և ունեցավ ողբերգական հետևանքներ մեր ժողովուրդների համար։ Ծանր մարտերում Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների՝ կասետային և ֆոսֆորային զենքերի կիրառման հետևանքով զոհվեցին, վիրավորվեցին և հաշմանդամ դարձան հազարավոր զինվորականներ, քաղաքացիական անձեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, խոշտանգումների ենթարկվեցին խաղաղ բնակիչներ, տեղահանվեցին և անօթևան դարձան շուրջ 40000 արցախցիներ: Հատուկ թիրախավորմամբ Արցախում հրթիռակոծվեցին բնակելի շենքեր, հիվանդանոցներ և ծննդատներ, եկեղեցիներ, մշակութային կենտրոններ ու պատմական հուշարձաններ։
Ադրբեջանի կողմից արյունալի և աղետաբեր ագրեսիան հնարավոր դարձավ կասեցնել միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ մեծարգո տիար Վլադիմիր Պուտինի անձնական հետևողական ջանքերի շնորհիվ, ում ևս մեկ անգամ հայտնում ենք Հայոց Եկեղեցու և մեր ժողովրդի երախտագիտությունը, նաև՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ժառանգության պահպանության խնդրում դրսևորած հատուկ ուշադրության համար։ Ձերդ Սրբություն, ցանկանում ենք խորը զգացվածությամբ շնորհակալություն հայտնել Ձեր ազնիվ միջնորդությունների և խաղաղասիրական ջանքերի համար, որ հանդես բերեցիք պատերազմական 44-օրյա գործողությունների ընթացքում և դրանց ողբերգական հետևանքների հաղթահարման համատեքստում: Չափազանց կարևոր է Ձեր ներդրումը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում 4-րդ դարի հայկական պատմական Դադիվանքի հետագա գործունեության ապահովման հարցում:
2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողﬕց ընդունված հայտարարության արդյունքում, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմամբ նախադրյալներ ստեղծվեցին Արցախի ժողովրդի անվտանգ կյանքի վերականգնման և Արցախի թեմի առաքելության ապահով իրականացման համար:
Տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման, անվտանգ և ապահով կյանքի երաշխավորման առումով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Սակայն հակառակ խնդիրների վերջնական հանգուցալուծման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր խաղաղարարական ջանքերի՝ Ադրբեջանի իշխանությունների որդեգրած՝ արժանապատվությունը նսեմացնող և ռազմատենչ անընդունելի հռետորաբանության և ոչ կառուցողական ու վերջնագրային քաղաքականության պատճառով տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ և լարված:
Հետևաբար, ինչպե՞ս կարող է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել,
– քանի դեռ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում շարունակում է առաջնորդվել ուժի կիրառման սկզբունքով և ծավալապաշտական ձգտումներով։
– քանի դեռ հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և երաշխավորված չէ արցախահայության անկախ կյանքի իրավունքի իրացումը։ Պետական մակարդակով հայատյացության քարոզչությունը, խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններն ու սպանությունները, այսպես կոչված Ռազմավարի պուրակը Բաքվում վկայությունն են այն իրողության, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի կարող անվտանգ ապրել և գոյատևել Ադրբեջանի կազմում,
– քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր ռազմագերիները, անկախ Ադրբեջանի կողմից նրանց վերագրվող կարգավիճակից, որոնց իրական թիվը չի բացահայտվում: Մեր ունեցած տեղեկություններով անազատության մեջ գտնվող հայ գերիները հաճախ ենթարկվում են նվաստացման և խոշտանգումների, որոշ դեպքերում նաև տանջամահ արվում,
– քանի դեռ հայտնի չէ բռնի անհետացումների զոհ դարձած բազմաթիվ անձանց ճակատագիրը,
– քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել իր ոտնձգությունները ՀՀ պետական սահմանի նկատմամբ և ետ չի քաշվում գրավյալ տարածքներից,
– քանի դեռ միջազգային օրենսդրության հարգմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսևորվում համաշխարհային նշանակություն ունեցող հայկական պատմա-մշակութային ժառանգության նկատմամբ, քանի դեռ ավերվում և պղծվում են մեր աղոթատները և չեն դադարում պատմությունը կեղծելու, հայկական վանքերն ու եկեղեցիներն իրենց ինքնությունից զրկելու փորձերը, չի ճանաչվում դրանց իրավական պատկանելությունը Հայոց Եկեղեցու Արցախի թեմին և Մեր զավակները զրկված են իրենց սրբավայրերն այցելելու իրավունքից։
Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում արժևորել է խաղաղությունը և ձգտել խաղաղ համակեցության հարևան ժողովուրդների հետ, մշտապես հարգել այլոց կրոնական ազատությունները և մշակութային ինքնությունը։ Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումները կառուցված են այն համոզման վրա, որ պատերազմներում չկան հաղթողներ, պարտվում են բոլորը, քանի որ չի կարող լինել հաղթանակ այնտեղ, ուր տիրապետում է մարդկային ողբերգությունը: Քրիստոնյաներիս Սուրբ Գիրքը, որի նվիրականությունը չի ժխտվում նաև իսլամի հավատավորների կողմից, «երկրում խաղաղության և մարդկանց մեջ համերաշխության» (հմմտ. Ղուկ. 2:14) տեսիլքով է ոգեշնչում մարդկությանը: