Ըննդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովի նախագահի ընտրության սահմանադրականությունը

Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 3-ին, շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները։ Օրակարգի հարցերին անցնելուց առաջ վարման կարգով խոսք խնդրեց «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Միանսյանը՝ նշելով, որ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը ապօրինի են համարում և դիմելու են Սահմանադրական դատարան՝ ընտրական գործընթացը հակասահմանադրական ճանաչելու պահանջով։

«Հիմք ընդունելով Սահմանադրության և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքները՝ դիմելու ենք ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության առկայության պայմաններում նրանց ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու, նաև մի շարք իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ»,-ասաց նա։

«Պատիվ ունեմ» խմբակցության  անդամ Հայկ Մամիջանյանը ևս նշեց, որ վիճարկելու են Ազգային ժողովի նախագահի ընտրության սահմանադրականությունը՝ ՍԴ-ում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ ԱԺ նախագահի ընտրությունը ընթացակարգային խախտումներ է ենթադրել, որը ՍԴ քննությանն է ենթակա։ «Երեկ պարզվեց, որ քվեարկության գործընթացն ունեցել է նաև տեխնիակկան, բայց մյուս կողմից էական բնույթի խախտում ևս։ Փաստորեն՝ քվեաթերթիկները, կարելի է ասել շրջանառության մեջ դրված լինելու պայմաններում, քվեարկությունը սկսված լինելու պայմաններում, անհասկանալի կերպով պարզապես ընդհատվել է, քվեաթերթիկը փոխվել է և նորից սկսվել է քվեարկություն, որի ընթացակարգը ինքնին չէր կարող լինել։ Պետք է պարզապես ավարտվեր նշված քվեարկությունը՝ անվավեր տրամաբանությամբ և նորից սկսվեր գործընթացը, որը ևս տեղի չի ունեցել։ Դրա վերաբերյալ ևս գործընթաց կիրականացվի»,-նշեց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 2-ին 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում պատգամավորները ԱԺ նախագահ պետք է ընտրեին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրել Ալեն Սիմոնյանին, «Հայաստան» խմբակցությունը՝ Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Արթուր Սարգսյանին։

Նախապես հայտարարված ժամին Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեաթերթիկում թեկնածուներից մեկի ազգանվան մեջ տառասխալ է տեղի ունեցել։ «Քվեարկությունը ընդհատվել է, քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ, ուստի մենք կսկսենք նոր քվեարկություն»,-ասաց նա։

Ավելի ուշ նա հայտարարեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 71-ը։ Եվ 71 «կողմ» ձայներով ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել