ԱԺ-ում լրագրողների համար հատուկ աշխատանքային գոտու ձևավորումը և դրանից դուրս որոշակի սահմանափակումների կիրառումը անհրաժեշտություն է․ Վահագն Ալեքսանյան

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների համար որոշ սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ խոսակցություններին։

«ԱԺ-ում լրագրողների համար հատուկ աշխատանքային գոտու ձևավորումը և դրանից դուրս որոշակի սահմանափակումների կիրառումը անհրաժեշտություն է և հուսով եմ ԱԺ աշխատակազմը կգնա այդ ճանապարհով։

Չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի զարմանքը։

Տիկին Թովմասյանը չի՞ տեսել այն բազմաթիվ կադրերը, երբ որոշ լրագրողներ ուղղակի թքած ունենալով էթիկայի բոլոր նորմերի վրա հետապնդում են պատգամավորներին, առանց թակելու բացում պատգամավորների դռները, պատգամավորների խնդրանքից հետո հրաժարվում փակել դրանք, խանգարում պատգամավորների աշխատանքին, ամբողջ շենքում խաթարում աշխատանքային մթնոլորտը, միայն թե կարողանան մի սենսացիոն հարց հնչեցնել ու անգամ չսպասել դրա պատասխանին։

Կարծում եմ՝ եթե կայացվի նման որոշում, ապա դրանից կշահեն նաև պարկեշտ լրագրողները, որոնք մեծամասնություն են կազմում, սակայն ցավոք լուռ են իրենց գործընկերների կողմից էթիկայի նորմերի ամենակոպիտ խախտումների հարցերով, իսկ նման որոշումից հետո, երբ կարգազանց լրագրողները այլևս զրկված կլինեն նման անթույլատրելի պահելաձև դրսևորելու հնարավորությունից, ավտոմատ կերպով կզրկվեն նաև լրագրողական համայնքի անունը արատավորելու հնարավորությունից, քանի որ իրենց այդօրինակ պահելաձևով նախևառաջ թիրախավորում ու խոցելի էին դարձնում հենց իրենց գործընկեր լրագրողներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել։

«Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ արդեն դիմել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ խնդրելով տեղեկատվություն ստորև նշված հարցերի վերաբերյալ․

1. Արդյո՞ք խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում կայացվել է, և ի՞նչ հիմնավորմամբ։

2. Ինչու՞ են լրագրողները գտնվելու հատուկ սենյակում, և ինչու՞ է սահմանափակվելու նրանց տեղաշարժը Ազգային ժողովում։

3. Ինչու՞ է սահմանափակվում լրագրող-պատգամավոր կապը։ Այդ կապն ավանդաբար եղել է ազատ, լրագրողները խորհրդարանում ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք, իսկ հիմա այդ կարևորագույն կապը խաթարվում է, և լրագրողների տեղաշարժը՝ սահմանափակվում։

4. Լրագրողների նկատմամբ այս տարբերակված մոտեցումը քաղաքական ի՞նչ նպատակ է հետապնդում։

Հուսամ՝ պատասխանը շուտ կստանամ և կպարզենք՝ ինչու են լրագրողերի նկատմամբ սահմանափակումներ կիրառվում՝ խախտելով խորհրդարանի ձևավորման օրվանից գործող ավանդույթները»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել