Ժամկետների հաշվարկը սնանկության վարույթում․ վերաքննիչ քաղաքացիական դատարան

Հաշվի առնելով սնանկության գործերով վերաքննության կարգով բողոքարկման ժամկետների հաշվարկման առնչությամբ հաճախ հանդիպող խնդիրները՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սնանկության վարույթում ժամկետների հաշվարկման կարգին, թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով կայացված 15․05․2020 թվականի որոշմամբ արձանագրել է՝ «(…) Եթե գործողությունների կատարման համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված է որևէ ժամկետ՝ առանց «աշխատանքային օր» գրառման, ապա այն պետք է հասկանալ և հաշվարկել ոչ աշխատանքային օրերը ներառելով, իսկ այն դեպքում, երբ ժամկետի հաշվարկի վերաբերյալ կարգավորումն ուղղակիորեն պարունակում է «աշխատանքային օր» գրառումը, ապա ժամկետի հաշվարկի մեջ չպետք է ներառել ոչ աշխատանքային օրերը»։ Այս մասին հայտնում է վերաքննիչ քաղաքացիական դատարանը։

«Ուստի, Ձեր իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նկատառումով անհրաժեշտ է սնանկության գործով կայացված դատական ակտերը վերաքննության կարգով բողոքարկելիս հիմք ընդունել դատական ակտերի բողոքարկման ժամկետների հաշվարկի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշման պահանջները՝ բողոքարկման ժամկետների հաշվարկը կատարելով օրացուցային օրերով, հաշվի առնելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է սնանկության վարույթի ընթացքում կայացվող վճիռների և որոշումների բողոքարկման հնարավորություն՝ համապատասխանաբար դատական ակտի հրապարակման կամ կայացման պահից 15-օրյա ժամկետում»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել