Նոր ճանապարհահատվածն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը․ քաղաքապետարան

Արևմտյան օղակաձև ճանապարհի Չաուշ-Շերամ հատվածն ասֆալտապատվում է. ներգրավված է 15 միավոր տեխնիկա։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս պահին ասֆալտապատող տեխնիկան կենտրոնացած է Չաուշի փողոցից մինչև Շերամ ընկած հատվածում:

Ճանապարհի այս՝ 4.5 կմ-ում ասֆալտի վերջին շերտն է փռվում:

✅ Աշխատանքին ներգրավված է 15 միավոր հատուկ տեխնիկա:

✅ Ներկայումս տեղադրվում են LED տիպի լուսադիոդային լամպեր:

✅ Ճանապարհահատվածի տակ գտնվող հաղորդուղիները տեղափոխված են:

Նշենք, որ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցվող այս երկու ճանապարհահատվածներն անընդհատ երթևեկությամբ կապ կհաստատեն Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Նոր ճանապարհահատվածն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել