Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ինչու է դաշինք կազմել ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել «Հայաստան» դաշինքի հիմնադրման միջոցառմանը․

«Տիկնայք և պարոնայք, հարգելի հայրենակիցներ, թիմի անդամներ,

Այսօր մենք ներկայացնում ենք դաշինքի ձևավորում և իմ ելույթը կկառուցեմ ավելի շատ հարցեր ու պատասխաններ տարբերակով՝ պարզաբանելու համար, թե ինչու է ձևավորվում հենց այս դաշինքը հենց այս ֆորմատով։

Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջև, և դրանք հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ: Երկիրն ունի կառավարման և տնտեսական ճգնաժամ: Երկրում ակնհայտ է նաև ինքնության ճգնաժամը: Եվ պետք են ուժեր, պետք են մարդիկ, որոնք բավարար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար: Ինչո՞ւ ես. ունեմ կառավարման մեծ փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակած փորձ և գիտելիքներ անվտանգության, պաշտպանության համակարգում: Ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում: Ինչպես տեսնում եք, ներկա վտանգները և կուտակած փորձն ու գիտելիքները գրեթե համընկնում են:

Ինչո՞ւ ՀՅԴ, որովհետև սա այն կուսակցությունն է, որն աշխարհով մեկ պայքարել ու պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար: Սա այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ: ՀՅԴ-ն եղել է կառավարության անդամ իմ կառավարության ժամանակ, նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր: Փորձն արդյունավետ է, արդյունքները կան և բոլորդ դրա ականատեսն եք եղել:

Ինչո՞ւ «Վերածնվող Հայաստանը», որը ծնվել է Սյունիքում և հիմա տարածվում է Հայաստանով մեկ: Որովհետև Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոն է Հայաստանի համար: Սյունիքից է կախված՝ մնալո՞ւ ենք գոծոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ: Այստեղ վտանգները լուրջ են և կարծում եմ՝ Սյունիքն այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է հանդիսանում:

Ինչո՞ւ պետք է այս իշխանությունը հեռանա։ Այս իշխանությունը մեր պարտության խորհրդանիշն է, մեր պարտության դեմքը, մեր պարտության ձայնը: Այսպիսի դեմքով, այսպիսի ձայնով մենք չենք կարող նայել դեպի ապագան, չենք կարող կառուցել այդ ապագան: Հնարավոր չէ առաջ գնալ, նման կնիք ժողովրդի ճակատին ունենալով, դա ուղղակի անհնար է:

Այս իշխանությունը մեղավոր է 5 հազար զոհերի համար, 11 հազար վիրավորների համար, և 35 հազար անօթևան մնացած մեր հայրենակիցների համար: Այս իշխանությունը բերում է մահ, տառապանք, և ավերում է այն, ինչին դիպչում է:

Հաջորդը. դավաճանության և Արցախի վաճառքի հիմնավոր կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ, ինչքան մնան իշխանության այս մարդիկ: Միայն իշխանափոխությունից հետո հնարավոր է լինելու պատասխանել մի շարք չափազանց կարևոր հարցերի:

Հաջորդը, այս իշխանությունը հետևողականորեն քանդում է երկրի տնտեսությունը: Խոստացել են թռիչքաձև աճ, ապահովել են թռիչքաձև անկում: Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, աճել է արտաքին պարտքը ավելի քան 2 մլրդ դոլարով: Ներդրումները գրեթե զրոյացել են: Ըստ էության, այս իշխանության օրոք, այս 3 տարում աճել է միայն աղքատությունը և գերեզմանների քանակը: Սա է կարելի գրանցել որպես արդյունք այս իշխանության կառավարման 3 տարիների համար: Իրենք չեն կատարել ոչ մի նախընտրական խոստում, նույնիսկ նրանք, որոնք հեշտությամբ կարելի էր կատարել:

Ի՞նչ ենք մենք մտադիր անել՝ գալով իշխանության: Առաջին հերթին պետք է գնահատվի երկրին հասցրած վնասի ծավալը բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, իրավական համակարգ, կրթություն, գիտություն և այլն: Դա անհրաժեշտ է հետագա քայլերը պլանավորելու համար: Անմիջապես պետք է անցնել հակաճգնաժամային քայլերի՝ կանգնեցնելու անվտանգության և պետական կառավարման հետագա դեգրադացիան: Պետք է կանգնենցնեք տնտեսական անկումը, պետք է վերականգնենք երկրի վարկն և կանխատեսելիությունը: Մենք վաղուց կորցրել ենք վստահելի գործընկերոջ համբավը, նաև միջազգային ասպարեզում:

Սկզբունքորեն կարևոր է, որ ժողովուրդն անմիջապես զգա փոփոխությունները երկրում, ու ժողովուրդը դա զգալու է: Դատարկ խոստումներ չենք տալու, մեր հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը, կարգապահությունը և սերը երկրի նկատմամբ:

Մենք առաջարկելու ենք աշխատող երկրի կոնցեպտը, նորից երկիրը վերածելու ենք շինհրապարակի: Առաջնային խնդիր է դառնալու տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծումը ամեն տարի: Մեկ անգամ դա արվել է, վստահ եմ, որ ի վիճակի ենք այդ ամենը կրկնել: Վերանալու են բիզնեսի նկատմամբ արհամարհանքը, ասֆալտին փռելուայդ տհաճ տեսարանները, ամեն ինչ արվելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Մենք ունենալու ենք նոր գիտելիքահեն տնտեսություն, զարգացած գյուղատնտեսություն: Գերխնդիր է դառնալու բոլոր քաղաքացիների կյանքի որակի շեշտակի բարձրացումը:

Հաջորդը․ պետական ապարատի մաքրության և արդյունավետության համար պայքարը դառնալու է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը, ոչ թե այն լոզունգները, որոնք այսօր են հնչեցվում, այլ կոնկրետ աշխատանք: Սուտը բացառվելու է պետական համակարգում: Մենք դարձել ենք ստի աշխարհ և պետք է սկսենք այդ սուտը վերացնելուց:

Այսպիսին է մեր առաջնահերթությունների ոչ ամբողջական ցանկը: Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել: Ես միշտ հավատացել եմ մեր ժողովրդի աշխատասիրությանը և ձեռներեցությանը: Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ: Մենք հասկանում ենք, որ ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու մեր անվտանգությունը, ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու մեր տնտեսական զարգացումը և երկրի զարգացումը: Այո, մենք ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց ոչ ոք մեր փոխարեն չի անելու այն գործը, որ պետք է անենք մենք: Մեզ հետ են լինելու, մեզ ձեռք են մեկնելու, բայց կրկնում եմ՝ մեր ճակատագիրը մեր ձեռքում պետք է լինի, մենք ենք կառուցելու այն ամենը, ինչի մասին նշեցի իմ ելույթում: Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն և բարգավաճում: Վստահ եղեք, ամեն ինչ լավ է լինելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել