Մխիթար Զաքարյանը ներկայացվում է Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաների կազմակերպիչ․ փաստաբան

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը վարույթն իրականացվող մարմնի կողմից ներկայացվում է Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաների կազմակերպիչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գայանե Պապոյանը։

Ըստ նրա՝ քննիչները չեն կարողացել բացատրել կասկածանքի էությունը։ Պաշտպանական կողմին չի բացատրվել, թե Զաքարյանը ինչ գործողություններ կատարելով է կազմակերպել նշված իրադարձությունները։

«Պարոն Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ նշված քրեական գործը շինծու է և նա չի ընդունում կասկածանքը։ Հետագայում, ցանկության դեպքում, մանրամասն ցուցմունք կտանք»,-նշել է նա։

Հարցին՝ աշխատանքի ժամին համայնքապետը ինչու էր ցուցարարների կողքին, փաստաբանը չպատասխանեց․ «Մենք այդ մասին լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգանք։ Պարոն Զաքարյանը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրված կասկածանքի հետ»։

Պապոյանը նշեց, որ փաստաբանական թիմը նախատեսում է բողոքարկել ձերբակալման իրավաչափությունը։

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Զաքարյանը ձերբակալվել է Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի (Խուլիգանություն) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին և 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում էր, որտեղ այցելել է տարբեր համայնքներ։ Այցի ընթացքում քաղաքացիները ճանապարհներ են փակել, բողոքի ակցիաներ իրականացրել, հայհոյանքներ հնչեցրել, բացականչել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և այլ արտահայտություններ։

Տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հոդվածներով։

Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետին ու ոստիկանապետին հրահանգել է չմասնակցել խորհրդակցության, գնալ, զբաղվել քրեական գործով՝ միաժամանակ հույս հայտնելով, որ իրավապահները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, որ միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել