Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը Քննչական կոմիտեի շենքում է․ փաստաբան

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն ու փաստաբանը ՔԿ շենքում սպասում են, որ իրենց ասեն՝ ինչու են իրենց բերել այդտեղ։ Այս մասին տեղեկացնում է Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

Նրա խոսքով՝ սա բարի կամքի դրսևորում է, քանի որ ցանկության դեպքում նրանք կարող էին պարզապես հեռանալ կոմիտեի շենքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ավելի վաղ Պապոյանը հայտնել էր, որ Մխիթար Զաքարյանին ոստիկանները Երևան են տեղափոխել։

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալին հրավիրել են ոստիկանության բաժին, բայց «վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա»։

Նշենք, որ փաստաբանը ավելի վաղ հայտնել էր, որ Զաքարյանի հետ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն և Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում են այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ իրավապահները փնտրում են Զաքարյանին:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին և 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում էր, որտեղ այցելել է տարբեր համայնքներ։ Այցի ընթացքում քաղաքացիները ճանապարհներ են փակել, բողոքի ակցիաներ իրականացրել, հայհոյանքներ հնչեցրել,բացականչել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և այլ արտահայտություններ։

Տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հոդվածներով։

Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետին ու ոստիկանապետին հրահանգել է չմասնակցել խորհրդակցության, գնալ, զբաղվել քրեական գործով՝ միաժամանակ հույս հայտնելով, որ իրավապահները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, որ միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել