Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն նախատեսվում է հանրապետական զորակոչային հանձնաժողովի համապատասխան եզրակացություններից հանել հանձնաժողովի անդամների ստորագրության պահանջը, թողնելով միայն հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրությունները:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշման 1-ին հավելվածի 27-րդ կետում սահմանված է, որ հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը, առնվազն 3 անդամներ և քարտուղարը: Հանձնաժողովի կողմից ընդունվում են եզրակացություններ, որոնք արձանագրվում են համապատասխան մատյանում` նշելով նաև եզրակացության ընդունմանը մասնակցած հանձնաժողովի անդամների կազմը և քվեարկության արդյունքները, ներառյալ ներկայացված հատուկ կարծիքը: Հանձնաժողովի նիստի արդյունքներով հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմված եզրակացությունները` համաձայն N 10, N 11, N 12 ձևերի, այնուհետև ներկայացվում են հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրությանը, որը բավականին ժամանակատար գործընթաց է, ինչն էլ իր ազդեցությունն է թողնում եզրակացությունների հիման վրա համապատասխան որոշումների ընդունման և զորակոչի ենթակա քաղաքացիների ազատումների կամ տարկետումների ձևակերպման գործընթացի վրա:
Արդյունքում, եզրակացություններում հաձնաժողովի անդամների ստորագրությունների հավաքման գործընթացը փաստացի հանդիսանում է կրկնակի գործողություն: