Այս վանդալիզմը կասեցնել է պետք, այլապես ուշ կլինի․ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի օրակարգում քննարկվել է մշակութային և կրոնական արժեքների պահպանության հարցը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում ադրբեջանական վանդալիզմի մասին՝ նշելով, որ 21-րդ դարում ֆաշիստական պետություն Ադրբեջանը պղծում և ոչնչացնում է հայկական մշակութային կոթողները, Ալիևը և իր կինն անձամբ են հրահանգում վերացնել հայկականության բոլոր հետքերը եկեղեցիների վրայից:

Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր և կասեցնել 21-րդ դարի մշակութային վանդալիզմը:

Հայ պատգամավորը Վեհաժողովին ներկայացրել է Ալիևի հակահայ հայտարարությունները՝ նշելով, որ հայերին շուն և շակալ համարող Ալիևին Վեհաժողովը պետք է լռեցնի:

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է.

«Հարգելի գործընկերներ,

Տիկին Կովաչ, դուք հրաշալի զեկույց եք պատրաստել Եվրոպայում ազգային փոքրամասնությունների ինքնության, մշակույթի, կրոնի պաշտպանության կարեւորության մասին։

Այո, դուք իրավացի եք։ Այսօր ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանումը կարեւորագույն խնդիր է։ Սակայն նույնքան կարեւոր է դեռեւս չճանաչված պետություններում մարդու իրավունքի պաշտպանությունը, մշակութային եւ կրոնական արժեքների պաշտպանությունը։ Այսօր ես խոսելու եմ Արցախի մասին, որի զգալի մասը նոյեմբերի 10-ի համաձայնագրով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ես այսօր հերթական ահազանգն եմ հնչեցնելու Արցախում հայկական բազմադարյա մշակութային կոթողների՝ եկեղեցիների, խաչքարերի, վանքերի ոչնչացման, վանդալիզմի հետ կապված եւ դիմելու եմ մեր Վեհաժողովին՝ կազմել դիտորդական առաքելություն, այցելել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրեր եւ տեսնել, թե ինչ վիճակում է հայկական մշակութային ժառանգությունը։ Նոյեմբերի10-ի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ադրբեջանցի զինյալները Շուշիում պղծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, պղծեցին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, հենց պատերազմի օրերին հատուկ նշանառությամբ երկու անգամ ռմբակոծվեց Ղազանչեցոց եկեղեցին, օրեր առաջ BBC-ն ռեպորտաժ հրապարակեց, որտեղ լրագրողը հետաքննել է Մեխակավան բնակավայրի (Ջաբրայիլի) Սուրբ Զորավոր եկեղեցու անհետացումը։ Բոլորս տեսանք, թե ինչպես էին Ալիեւն ու իր կինը տեսախցիկների առաջ հրահանգում հայկական եկեղեցիներից ջնջել  հայատառ գրությունները։  Եւ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում։

Հարգելի գործընկերներ, այս զեկուցում խոսվում է նաեւ էթնիկ ատելության հրահրումների մասին եւ ես ձեզ կներկայացնեմ Ադրբեջանի նախագահի՝ ընդամենը վերջին մի քանի ամիսներին արած հայատյաց եւ ռասիստական հայտարարությունները, որոնց մինչ օրս որեւէ գնահատական չի տրվել։ «Մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին՝ հայերին: 30 տարի Արցախը եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում։ Մենք հասանք նրան, որ Հայաստանը մեկուսացրեցինք միջազգային և տարածաշրջանային բոլոր ծրագրերից»: Սրանք Ալիեւի խոսքերն են։ Մարտի 5-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության  համագումարում Ալիեւը հայտարարեց՝ «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելությամբ եւ այս պատերազմի արդյունքները այդ դաստիարակության հետեւանք են»:

Եւս մեկ օրինակ. Ալիեւի հայտնի խոսքերը՝ «մենք հայերին վռնդելու ենք շների պես», ահա հենց այդպես էլ՝ «Իթի գովան», այսինքն՝ վռնդել շների պես, իրենք անվանեցին իրենց նոր արտադրության անօդաչու սարքերը։

Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում վտանգնված է համաշխարհային մշակույթի մաս կազմող հայկական մշակութային ժառանգությունը՝ հարյուրավոր եկեղեցիներ, վանքներ, սրբավայրեր, խաչքարեր։ Հայերի հանդեպ ատելությամբ մեծացած սերունդը հրճվագին ճիչերով պղծում է այդ կոթողներն ու տեսանյութերը տարածում սոցիալական մեդիայում։ Այս վանդալիզմը կասեցնել է պետք։ Այլապես ուշ կլինի, ինչպես ուշ եղավ Նախիջեւանի Ջուղա բնակավայրում հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման դեպքում, երբ մինչ մենք մտածում էինք ի՞նչ անել՝ ադրբեջանցիները հողին հավասարեցրեցին համաշխարհային մշակույթի այդ բացաթիկ կոթողները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել