Հրամանատարը՝ այսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել պարտականությունները, օպերացիան ձախողվել է․ վարչապետը նոր մանրամասներ ներկայացրեց

«Լելե Թեփե անուն չի քննարկվել, չի եղել, դրա մասին խոսակցություն չի եղել։ Դա հետո ներմուծվել է որպես քարոզչական տրյուկ՝ ձեզ հայտնի շրջանակների կողմից, ինչի մասին է եղել խնդիրը։ Մի X պահի, հարավային ուղղությամբ, 9-րդ պաշտպանական շրջանի ուղղությամբ հակառակորդը ճեղքում է իրականացրել ու առաջխաղացում է իրականացրել մինչև Ջաբրայիլ, ուղղություն է վերցրել դեպի Հադրութ։ Էս իրավիճակում հարց է ծագել։ Դա մեր միակ ճեղքման դեպքն է եղել։ Չէ, մենք Թալիշում էլ ենք ունեցել ճեղքում, բայց կանգնեցվել է՝ իմ ասած դրվագն էլ դրա հետ կապ ունի։ Հարց է հնչել՝ լավ, էս իրավիճակում ինչ է արվել․ արցախյան հերոսամարտի ամենաակտիվ և ամենանշանակալի դեմքերից մեկն արել է առաջարկ, ասել է՝ ես կարծում եմ, որ էդ ճեղքման հատվածը հյուսիսից պետք է կտրել իրարից ու հակառակորդի ուժերը անջատել իրարից։ Ես ասել եմ՝ շատ լավ, առաջարկ է հնչում, պետք է քննարկել մեր գործող զինվորական պաշտոնյաների հետ»․

այս մասին Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 14-ին, ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին։

Նա մի շարք մանրամասներ ներկայացրեց․ «Պաշտպանության բանակի հրամանատարական կետում, Ստեփանակերտում ես հրավիրել եմ, Հայաստանի Գլխավոր շտաբի պետն էլ միացել է սելեկտրով, ասել եմ, որ սենց առաջարկ կա, ի՞նչ կարծիքներ կան։ Քննարկվել է, քննարկման արդյունքում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն ասել է, որ հետաքրքիր գաղափար է, բայց պետք է տեղում գնահատել իրադրությունը, և տեսնել՝ ինչքանո՞վ է դա իրականանալի, իրադրության գնահատումը պետք է իրականացնի ՊԲ հրամանատարությունը։ Հետո ՊԲ հրամանատարությունը գնահատել է ու ԳՇ պետին զեոկուցել, որ դա իրականանալի է, կարելի է իրականացրել։ ԳՇ պետն էլ ինձ է զեկուցել, որ իրականանալի է, կարելի է իրականացնել, ասել եմ՝ շատ լավ, որից հետո օպերացիան սկսվել է։ Ինձ զեկուցել են, որ մի քանի ժամ այն հաջող իրագործվել է։ Եվ չի իրագործվել այն պատճառով, որ տանկային միավորումներից մեկը իր անելիքի մասը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։

Հիմա թե ինչու՞ դա տեղի չի ունեցել՝ դա քննության առարկա պետք է լինի, բայց նպատակն եղել է էդ ճեղքի հատվածը փակել։ Պատկերացրեք, եթե այդ օպերացիան ստացվեր, մենք, մեծ հավանականությամբ, կունենայինք ուրիշ իրադրություն՝ հետագա պատերազմի ողջ ընթացքի համար։ Հիմա այդ միավորումը, որի հրամանատարը եղել է, այսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտականությունները։ Դեռ էս խառը ժամանակները կանցնեն՝ կհետաքննենք»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Նա նշեց, որ թեպետ պատերազմի մասին շատ է խոսվել, բայց պատեհ է համարում պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների, ապատեղեկատվությունների ու մի շարք հարցերի պատասխաններ տալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել