Հարկադիր կատարողը կաշառք է պահանջել բնակարանը կորցրած անձանցից. ոստիկանություն

Ոստիկանության Թալինի բաժնում Թալին քաղաքի մի բնակչուհու դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրա աղջիկը չի կատարել 275 000 դրամի վարկային պարտավորությունները, և բանկը դիմել է դատարան։

Այս մասին տեղեկանում ենք ոստիակնությունից:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Թալինի բաժանմունքի հարկադիր կատարողը աճուրդ-վաճառքով օտարել է դիմումատուի աղջկան և նրա ընտանիքի անդամներին պատկանող բնակարանը։ Այնուհետև, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, հրապարակային սակարկությամբ օտարված բնակարանը տանտերերին վերադարձնելու համար նույն հարկադիր կատարողը դիմումատուին առաջարկել է իրեն տալ 400 000 դրամ։ 2020 թվականի աշնանը տուժողը առձեռն տվել է պահանջվող գումարը, սակայն փողը ստանալուց հետո հարկադիր կատարողը ոչ միայն չի կատարել խոստումնը, այլև փորձել է նրանց վտարել վաճառված բնակարանից։

Բացի այդ, վտարման գործընթացը հետաձգելու համար նա, ըստ նախնական տվյալների, 2020 թվականի 4 տարբեր օրերի տուժողից պահանջել և ստացել է 20 000-ական դրամ և ամեն անգամ գումարը ստանալուց հետո հետաձգել է վտարման գործընթացը։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։ Հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել