Բանակցային գործընթացում ՀՀ-ն հասել էր կարմիր գծերին, հատել էր դրանք․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Շատ է շահարկվել, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և դրանից հետո։ Վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով ԱՀ նախագահի և ԳՇ-ի հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով երկիրը հասնի հրադադարի, և այդ կապակցությամբ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր, այնուհետև՝ արտախորհրդարանական ուժերին։

Ինչից հետո, համաձայն պայմանավորվածության, զանգահարել է ՌԴ նախագահին և ասել, որ ուզում ենքհրադադար՝ Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով․ պայման, որ նախկինում էլ միջնորդների կողմից առաջադրված է եղել ամենատարբեր եղանակներով։

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ։

«ՌԴ նախագահը ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, մեր պահանջը, երկրորդը՝ պահանջում է, որպեսզի անկախ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը, այդ թվում Շուշի, որևէ կերպով չկապվի կարգավիչակի ճշգրտման հետ և նաև սա նոր դետալ է, որը ես նախկինում չեմ ասել, նաև ակնկարկ է եղել այն մասին, ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածնքների վերադարձ, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ։ Դա ասվել է որպես ակնարկ այն դեպքի համար, եթե մենք մինչև այս կետը առաջադրված պայմաններին համաձայնենք։ Եվ այս մանրամասներն ինչու եմ նշում, որովհետև Ադրբեջանն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում չի ընդունել Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման օրակարգը։ Այսինքն Ադրբեջանը մի X պահից կտրականապես հրաժարվել է օրակարգ մտցնել, կամ ավելի ճիշտ՝ օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ սա եղել է 2016 թվականի 4-օրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը»,-ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ներկայիս կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ժառանգել է փակուղային, նախապատերազմական և ետպատերազմական վիճակում։

Նա խոսեց նաև 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից վարչապետի ընտրության ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից արված երկու հայտարարությունների մասին։

«Պատասխանելով Կարեն Բեքարյանի հարցին՝ Սերժ Սարգսյանն ասել է․ «բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած՝ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է, կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջնաի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»։ Այդ նույն օրը պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանը հայտարարել է․ «նախ պետք է ասեմ, որ Ապրիլյան պատերազմն անակնկալ էր ու անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմերի համար էլ։ Այս առումով մենք դաս 1-ին պետք է համարենք այն, որ այլևս (բանալի բառն այլևսն է), գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»։ Մենք, ըստ էության, 2017 թվականին ունեցել ենք մի վիճակ, որ բանակցային գործընթացում ՀՀ-ն հասել էր իր կարմիր գծերին ու մի բան էլ հատել էր կարմիր գծերը։ Սրա մասին են վկայում 2016 թվականի նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանի Россия сегодня լրատվականին տված հարցազրույցը»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Նա նշեց, որ թեպետ պատերազմի մասին շատ է խոսվել, բայց պատեհ է համարում պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների, ապատեղեկատվությունների ու մի շարք հարցերի պատասխաններ տալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել