Զինված տղամարդը հայհոյելով գոռում էր, թե վերջին փամփուշտն իրենն է. ոստիկանություն

Ապրիլի 9-ի լուսադեմին ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Քասախ գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում ինչ-որ մեկն անկանոն կրակոցներ է արձակում։
Հարկավոր էր րոպե առաջ դեպքի վայր հասնել. զարգացումներն անկանխատեսելի էին, և ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ոստիկաններն անմիջապես մեկնեցին Քասախ և նշված հասցե հասան այն պահին, երբ զինված տղամարդը հայհոյելով գոռում էր, թե վերջին փամփուշտն իրենն է: Ձեռնամարտի հնարք կիրառելով՝ ոստիկանները վնասազերծեցին տղամարդուն և բերման ենթարկեցին ոստիկանության Նաիրիի բաժին:

Բաժնում պարզվեց բերման ենթարկվածի ինքնությունը՝ Աբովյանի բնակիչ էր, 34 տարեկան, նախկինում մի քանի անգամ դատապարտված։ Պարզվեց նաև, որ նա հետախուզվում էր ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից: Ավելին՝ հետախուզման մեջ էր նաև «Ֆաբարմ» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող այն հրացանը, որով կրակոցներ էր արձակել. զենքը, որ բնակարանային գողության ժամանակ էր հափշտակվել, փնտրում էին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել