Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավորությունից։

«Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է նրան հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է դեսպանին կորոնավիրուսի համավարակից և պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակն ու սոցիալ-տնտեսական խնդիրները՝ շնորհակալություն հայտնելով կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար:

Չինաստանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է այն բոլոր նախապայմանները, որ առկա են երկու երկրների հարաբերությունների զարգացման համար, այդ թվում՝ մարդկանց միջև ձևավորված շփումներն ու կապերը: Երկուստեք շեշտվել են տնտեսական ոլորտում համագործակցության խորացման համար առկա հնարավորությունները և ներուժի իրացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Փոխվարչապետը ներկայացրել է դեսպանին «Ճամփորդիր առանց Քովիդ-19» հավելվածի արդյունքում ծրագրին միացած երկրների քաղաքացիների համար դյուրինացված տեղաշարժի առավելությունները: Քննարկվել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի անհրաժեշտությունը և այս համատեքստում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել