Տարեցների համար 10 մարզերում կստեղծվեն ցերեկային կենտրոններ, կհիմնվի ճգնաժամային 3 կենտրոն, կներդրվի տնային խնամքի ծառայություն. ԱՍՀՆ

Տարեցներին տրվող խնամքի ծառայությունների բարելավման և դրանք համայնքահեն դարձնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նախագիծ, որը Կառավարության կողմից հավանության է արժանացել։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«2022-2023թթ․ ընթացքում նախատեսվող ծրագրերն ուղղված են տարեցների համար ընտանիքում և համայնքում ապրելու բարենպաստ միջավայրի ստեղծմանն ու պահպանմանը, ինչպես նաև կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցմանը և նոր ծառայությունների ներդրմանը։

Ըստ այդմ՝ հանրապետության 10 մարզերում կստեղծվեն ցերեկային կենտրոններ, կհիմնվի նաև ճգնաժամային երեք կենտրոն, կներդրվի տնային խնամքի ծառայություն ու կբարելավվի տրամադրվող ծառայությունների որակը։ Կիրականացվի նաև տարեցներին տնային պայմաններում շուրջօրյա խնամքի տրամադրման փորձնական ծրագիրը, կգնահատվեն սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող և դրանցից դուրս գտնվող տարեցների սոցիալական կարիքները։

Նախատեսվող փոփոխությունները հնարավորություն կտան ապահովել տարեցների ինքնաիրացումը, սոցիալականացումը, ֆիզիկական, մտավոր կարողությունների շարունակական զարգացումը՝ էապես բարձրացնելով տարեցների կյանքի որակը»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել