Երևանի ավագանին մարտի 16-ի հերթական նիստին որոշում կընդունի «Երևանի Կենտրոնի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Շախմատի Երևանի բարձրագույն վարպետության մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանափոխելու մասին։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է Երևան համայնքում գործող շախմատի 12 մարզադպրոցներից մեկի բազայի հիման վրա մարզաձևի բարձրագույն վարպետության մարզադպրոցի հիմնումը և վերջինիս միջոցով ուսումնամազական համապատասխան ծրագրերի մշակումը, իրականացումը և բարձրագույն ուսումնամարզական գործընթացի միջոցով Երևան քաղաքի հավաքական թիմերի ձևավորումն ու հավաքականների թեկնածուների մարզական վարպետության բարձրացումը, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցներն ավարտելուց հետո իրենց լավագույն կողմերով դրսևորած մարզիկ-մարզուհիների համար ուսումնամարզական գործընթացի շարունակականության ապահովումը:
Ի տարբերություն մանկապատանեկան մարզադպրոցի, որտեղ 10 տարվա ընթացքումկազմակե րպվում է ուսումնամարզական գործընթաց 5-18 տարեկան մարզիկների համար, Բարձրագույն վարպետության մարզադպրոցում ուսումնամարզական գործընթացը կտևի 5-7 տարի և նրանում կընդգրկվեն մինչև 25 տարեկան, անհատական բարձր գործակից ունեցող շախմատիստներ, որոնք հանդիսանում են Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի թեկնածուներ:
Մինչև 1991 թվականը Հայաստանում գործել են բարձրագույն վարպետության մարզադպրոցներ տարբեր մարզաձևերից, այնուհետև դադարեցվել է դրանց գործունեությունը, ինչի արդյունքում պատանի մարզիկները 18 տարին լրանալուց հետո զրկվել են որոշակի ծրագրերով մարզումներում ընդգրկվելու հնարավորությունից: Սույն որոշմամբ հնարավորություն է ընձեռնվում 18-ից բարձր տարիք ունեցող և անհատական բարձր գործակից ունեցող մարզիկներին հնարավորինս ավելի կատարելագործելու իրենց մարզական կարողությունները՝ ուսուցանելով շատ ավելի հմուտ ու համաշխարհային ճանաչում ունեցող մարզիչների մոտ: Բացի դա բարձրագույն վարպետության 1 խմբում նախատեսվում է ընդգրկել ընդամենը 3-5 մարզիկներ, ինչը հնարավորություն կընձեռի ավելի բարձրակարգ ու նպատակային ծառայությունների մատուցման: